ՖՈՒՏԲՈԼԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՆ․ ԿԱՊԱՌՈՍԸ ՄԱՍՆԱԿԻ Է ՄԵՂԱՎՈՐ

Ֆուտբոլը փրկելու համար այդ երկու ընկերները պիտի հրաժարական տան․ Կապառոսը մասնակի է մեղավորՄենք ֆուտբոլ չունենք, հիմքից մեր ֆուտբոլը վերացել է։Ընդ որում, երեկվա պարտությունը իրոք շատ մեծ խայտառակություն էր, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք նույնպես պետք է հաշվի առնենք։ Անդրադառնալով երեկ Հյուսիսային Մակեդոնիայից սեփական հարկի տակ կրած ջախջախիչ 0-5 հաշվով պարտությանը «Հրապարակի» հետ հարցազրուցում ասաց մարզական հայտնի մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը։

«Թող կոպիտ չհնչի ու թող մեր երկրպագուները ներեն ինձ, բայց չեմ կարող չասել, որ մեր երկրպագուները կարծես երազախաբ էին եղել առաջին երեք տուրերի ընթացքում տարած մեր հաղթանակներից հետո։ Եթե մանրամասն վերլուծություն անենք, կտեսնենք, որ այդ երեք հավաքականների հետ հանդիպումներում, որոնցում հաղթել էինք, միայն Իսլանդիայի հավաքականի դեմ խաղն էր, որը մենք իրոք շատ լավ անցկացրինք ու արժանի էինք հաղթանակի։ Լիխտենշտայնի հետ մեր առաջին մրցավեճում, որ հաղթեցինք, նրանք ինքնագոլի հեղինակ դարձան։ Այդ թույլ թիմին, փաստորեն, որին երեկ գերմանացիները 9 գոլ խփեցին, մենք շատ դժվարությամբ էինք հաղթել ու հետո էլ տնային խաղում անգամ չկարողացանք հաղթել։ Այսինքն՝ մենք նույնիսկ նմանատիպ թույլ թիմերի նկատմամբ չենք կարողանում համոզիչ հաղթանակ տանել։Ռումինիայի նկատմամբ հաղթանակը նույնպես պատահական եմ համարում։ Ռումինացիները հաղթում էին 2-1 հաշվով, բայց մերոնք վերջին երեք րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին ու հաղթեցին։ Ֆուտբոլում նման բաներ լինում են, դա կարող է լինել  20-30 տարին մեկ անգամ»,- ասաց Բաղդասարյանը։

«Ամեն դեպքում՝ մենք երկրորդ տեղը զբաղեցնելու շանս ունեինք։ Լիխտենշտայնին անպայման պիտի հաղթեինք, բայց դա չարեցինք ու եղավ այն, ինչ եղավ։ Սա, կրկնում եմ, խայտառակություն է։ 6 խաղ ենք անցկացրել ու հաղթանակ չենք տարել ,  միայն երկու գոլ ենք կարողացել խփել։ Եթե հաշվի առնենք նաեւ ընկերական հանդիպումները, վերջին 8 խաղում մենք հաղթանակ չունենք՝ 4 պարտություն, 4 ոչ-ոքի։ Սա է մեր իրական պատկերը, զարմանալու բան չկա։ Անկախությունից հետո մենք լավ հավաքական ենք ունեցել Վարդան Մինասյանի գլխավորության ժամանակ՝ 2011-2013 թվականներին, երբ կային Յուրա Մովսիսյանը,  Մարկոսը, Արաս Օզիբիլիսը, Գեւորգ Ղազարյանը, նույն ինքը՝ Մխիթարյանը, Բերեզովսկին. տեսեք՝ ովքեր են, նրանց այս կազմի հետ, իհարկե, չես համեմատի։ Այս կազմը մեկ մետրի վրա իրար հետևից սխալ փոխանցումներ է կատարում։ Ասեմ նաև, որ թյուր կարծիք կար, թե մենք իբր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից ուժեղ ենք։ Ոչ, այդ նրանք են մեզնից ուժեղ։ Այն, որ նրանք Եվրոպայի առաջնության  եզրափակիչ փուլ էին դուրս եկել,  պատահական չէր եւ ներկայիս ոսկե սերունդն է։ Ճիշտ է, նրանք եզրափակիչ փուլում լավ չխաղացին, բայց հսկայական փորձ կարողացան կուտակել,ինչն ուղղակի չի կարող իր արդյունքը չտալ»,-պնդեց Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ մեր հավաքականում թիմային խաղ չկա ու դա նաև ազգային մենթալիտետի հետ է կապված։

«Տեսեք հիմա։ Մենք անգամ առօրյա կյանքում միասնական չենք։ Հայկական ֆուտբոլում միակ ժամանակաշրջանը, երբ մենք միակուռ ենք եղել, դա 1973 թվականին էր։ Թե ով է մեղավոր այս ամենի համար,կարող եմ ասել շատ հստակ ու կոնկրետ։ Մեղավորները ֆեդերացիան բռնազավթած այդ երկու ընկերներն են՝ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը։ Նրանք ֆեդերացիայի ընտրություններին կանոնակարգերի բոլոր կետերը ոտքի տակ տվին, միայն թե ընտրվեին։ Այնպես չէ, որ Թովմաս Գրիրգորյանը իմ հորեղբորորդին է, դրա համար էի ուզում, որ նա  ընտրվեր. ոչ, պարզապես լավ ճանաչելով այդ երկուսին, համոզված էի, որ նրանք չեն կարողանալու ղեկավարել ֆեդերացիայի պես բարդ կառույցը։ Նրանք պատվերով հոդվածներ գրող են եղել եւ նույնիսկ համարձակություն չեն ունեցել ստորագրել իրենց նյութերի տակ։ Նյութ էին գրում ուղղակի ձեռքից հոտ քաշելով։ Մեր ֆուտբոլը փրկելու համար այս ղեկավարներից պիտի ազատվել։ Նոր ընտրություններ են պետք։ Պետք է հասկանալ, որ հավաքականի ելույթների համար առաջինը  ֆեդերացիան է պատասխանատու։ Հիմա փաստորեն իրենք ամեն բան տապալել են ու պիտի թողնեն ասպարեզը, այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը։

«Կապառո՞սը։ Գիտեք ինչ, միանշանակ, եթե հավաքականը վատ է խաղում, դրա առաջին պատասխանատուներից մեկը նաեւ գլխավոր մարզիչն է, բայց այնպես չէ, որ նա լավը չարեց։ Մի կողմից շատ լավ էր, որ եկավ ու երիտասարդներին տեղ տվեց։ Բայց, կարծում եմ, այդպես շարունակական բնույթ չպիտի ունենար, որովհետև նկատած կլինեք, որ գրեթե ամեն խաղի երիտասարդների էին բերում, այսինքն՝ դա չարաշահվեց։ Բայց հիմա ու՞ր են այդ երիտասարդները, քանիսը հաստատեվեցին կազմում, երևի թե Սպերցյանը միայն, այն էլ մեր ֆուտբոլային դպրոցը չի անցել։ Կարող եմ առանձնացնել նաև Ժիրայր Շաղոյանին, բայց նա իհարկե դեռ այն մակարդակը չունի, որ հավաքականում եղանակ ստեծի։ Այդ տարիքի ֆուտբոլիստները դրսում արդեն իսկ անուն հանած են լինում, իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև ֆուտբոլային լավ դպրոց են անցնում։ Մերոնք ուղղակի ֆուտբոլային կրթություն չեն ստանում, որովհետև լավ դպրոց չունենք։ Բա ու՞ր է Մելենդեսի այն ծրագիրը, որով իբր թե ֆուտբոլիստները պիտի զարգանային։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Տարին միայն երկու մլն դոլար էին տալիս նրան ու նրա թիմին։ Աշխարհում նման բան չէր եղել։ Նրանք չպիտի մարսեն սա։ Ֆեդերացիայի կազմը պիտի հրաժարական տա, իսկ Կապառոսը, ինչպես ասացի, մասնակի է մեղավոր, սա է ամենը»,- հավելեց մարզական մեկնաբանը։

(Visited 30 times, 1 visits today)