«Աննա՛, մինչև օրվա վերջ ջնջի՛… քեզ դժոխք եմ խոստանում». զոհված զինծառայողի հոր արձագանքը՝ Աննա Հակոբյանի գրառմանը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր վաղ առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։

Վիգեն Ազատյանը պատմեց, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․

«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։

Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։

Նահատակված զինծառայողի հայրն ասաց, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել․

«Ոչ մի ձև չեմ կարողանում իր էջում բան գրեմ։ Էսքանից հետո տականքն իրեն թույլ է տվել մտնել մեր ընտանիքներ, խոսի մեր որդիների մասին, բառերով մեռել, բառերով թաղել․․․ Մարդ ինչքան անբարոյական, տականք պետք է լինի, որ չհասկանալով թե գիտակցված՝ 20 տարեկան երիտասարդի մասին նման բառեր օգտագործի, հերոսի մասին նման բառեր օգտագործի, տակն էլ նրա ընտանիքի անդամների նկարները տեղադրի․․․»։

Վիգեն Ազատյանը մինչև երեկո ժամանակ տվեց, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։

(Visited 93 times, 1 visits today)