ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կրկին փոխել են Այվազովսկու ազգությունը և շեշտել նկարչի հայ լինելը

Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը վերանայել է հայտնի ծովանկարիչ Իվան Այվազովսկու կենսագրական տվյալները՝ արտացոլելով նրա հայկական ժառանգությունը համայնքի անդամների բողոքներից և «Asbarez» պարբերականի հաղորդագրությունից հետո։

Այժմ «Նավը փոթորկոտ ծովում», «Նավը լուսնի լույսով» կտաների և Այվազովսկու լուսանկարչական դիմանկարում նշված է նրա հայերեն անունը՝ Հովհաննես Այվազյան, ինչպես նաև նշվում է, որ նա հայ է, ծնվել է այն տարածքում, որը եղել է Ռուսական կայսրության կազմում, իսկ այժմ գտնվում է Ուկրաինայի կազմում:

Բացի այդ, համառոտ կենսագրական գրության մեջ այժմ նշվում է, որ «Այվազովսկին հարուստ մշակութային և լեզվական ծագում ուներ», և նա ինքն էլ իր հայրենի քաղաքի հայ համայնքի մասն էր կազմում։ Մինչ այդ կենսագրական հատվածում հակիրճ նշված էր, որ ծովանկարիչը ծնվել է հայ ընտանիքում։

Նախկինում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Այվազովսկուն համարում էր ռուս նկարիչ։ Փետրվարին, Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին, որոշվեց փոխել ծովանկարչի կենսագրական տվյալները՝ նրան անվանելով ուկրաինացի։

(Visited 134 times, 1 visits today)