«ԵՐԲԵՔ ՉԾԵՐԱՑՈՂ ԵՎ ՄԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ» այսօր մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է,

 

 

138 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է ավելի քան 90 տարի, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:

Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:

Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Վահան Տերյանը անգերազանցելի թարգմանիչ էր: Նրա շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն ստացավ ծանոթանալու Եվրոպական և ռուս գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններին: Տերյանն անմիջական մասնակցություն է ունեցել Մաքսիմ Գորկու խմբագրած Հայ գրականության ժողովածու և Վալերի Բրյուսովի կազմած Հայաստանի պոեզիան գրքերի ստեղծման աշխատանքներին, որոնք լույս տեսան 1916 թվականին: Դա շատ կարևոր նախաձեռնություն էր, որի շնորհիվ աշխարհի ժողովուրդները կարող էին ռուսերենի միջոցով ծանոթանալ, թե հոգևոր ինչ մշակույթ ունեցող ազգ է բնաջնջվում Առաջին աշխարհամարտի ընթացքում: Պոեզիայից բացի Տերյանը թարգմանել է նաև արձակ, մասնավորապես, ֆրանսերենից` հայերեն է թարգմանել Օսկար Ուայլդի Սալոմե պիեսը և հայերենից` ռուսերեն` Րաֆֆու Կայծեր պատմավեպը:

Զարմանալի է, բայց ինչպես և մեկ դար առաջ այսօր էլ նույնքան թարմ և ուսանելի են Վահան Տերյանի հոդվածներում, ելույթներում ու նամակներում արտահայտված մտքերը մեր իրականության, հայ ժողովրդի ու նրա ապագայի մասին: Մասնավորապես, նրանք, որոնք արտահայտված են 1914 թվականին գրված Հոգևոր Հայաստան հոդվածում և նույն թվականին կարդացած Հայ գրականության գալիք օրը զեկույցում:

Երբ 1917 թվականի նոյեմբերին բոլշևիկները եկան իշխանության, սկզբնական շրջանում նրանց անհրաժեշտ էր այնպիսի հեղինակավոր, գաղափարական և ազնիվ մարդկանց աջակցությունը, որպիսին որ Տերյանն էր: Պոետն, իր հերթին, հասկանում էր որ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը մեծ մասամբ լուծվելու է Ռուսաստանի իշխանությունների կողմից և բոլշևիկյան կուսակցությունը միակն էր Ռուսաստանում, որն իր առաջնորդի` Լենինի շուրթերով 1917 թվականի հունիսյան պլենումում հայտարարել էր, թե պատրաստ է անկախություն շնորհել Հայաստանին և Լեհաստանին: Բոլշևիկնորը նաև խոստացել էին հողը տալ գյուղացիներին, գործարանները` բանվորներին, նաև` դադարեցնել պատերազմը: Այդ պատճառով էլ Տերյանը անդամակցեց այդ կուսակցությանը, ակտիվորեն մասնակցեց Հայկական գործերի կոմիսարիատի կազմակերպման աշխատանքներին, որտեղ նա ստանձնեց կոմիսարի տեղակալի պաշտոնը: Տերյանը ընտրվեց նաև Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ, նրան էր հանձնարարվել գրել Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը և կազմել Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը: Այդ փաստաթղթերում Վահան Տերյանը առաջարկում է վճռականորեն պաշտպանել թուրքահայերի ազգային լիակատար ինքնորոշման ձգտումը, հայրենիք վերադարձնել բոլոր բռնի արտաքսվածներին և հայտարարել, որ ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով Հայաստանի գրավված մասից: Դեկրետը ստորագրվել է Լենինի կողմից, սակայն Ստալինի առաջարկով նրանից հանվել է Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթներում առժամանակ որոշ քանակությամբ ռուսական զորքեր թողնելու անհրաժեշտության մասին կետը: Այդ հարցով Տերյանը բուռն վեճ է ունեցել Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինի հետ ու իրերի վիճակը բացատրել Լենինին: Հիշեցնենք, որ Հայկական գործերի կոմիսարիատը կից էր Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին, հետևաբար նրա կոմիսարի տեղակալը` Տերյանը, Ստալինի ենթական էր:

1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորեց Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:

Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված դոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար:

Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:

Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր “բուրժուական” կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:

Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:

Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է “արմյաշկա” վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:

Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր: Չէ՞ որ այդ կոմիսարիատը ընդգրկված էր Ազգությունների գործերի ժողկոմատի կազմում, իսկ նրա կոմիսար Վառլամ Ավանեսովն ի վիճակի չէր բավարար ժամանակ հատկացնել հայկական հարցերին, քանի որ բացի այդ պաշտոնից զբաղեցնում էր ևս երկու` առավել կարևոր պաշտոններ` Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահության անդամի և նրա քարտուղարի պաշտոնները: Իր խարդավանքներն իրականացնելիս Ստալինն օգտվել է հայ վայ կոմունիստների` Հայաստանի կոմունիստական կուսակցություն կազմակերպության կենտկոմի անդամների ծառայությունից և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Իսկ այդ կազմակերպությունը Հայաստանից դուրս ստեղծել և ղեկավարում էր տխրահռչակ Գուրգեն Հայկունին:

Հայկունին Տերյանի պաշտոնին աչք էր դրել և նախանձով էր լցված պոետի հանդեպ, քանի որ ինքն իրեն Տերյանից առավել տաղանդավոր բանաստեղծ էր համարում: Այդ պատճառով էլ նա, և նրա կողմից ղեկավարվող Հայկոմկուս կազմակերպության կենտկոմի անդամները Տերյանի և կոմիսարիատի նրա կողմնակիցների դեմ սանձազերծեցին հալածանքների, խարդավանքների, ամբաստանությունների հաղթարշավ: Արդյունքում, 1919 թվականի մայիսին Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է կայացրել աշխատանքից հեռացված, տուբերկուլյոզով հիվանդ Տերյանին ռազմաճակատ ուղարկելու մասին, իսկ հետո, երբ բացահայտվել է այդ որոշման անհեթեթությունը, Հայկունու առաջարկով` Տերյանին Ղրիմ ուղարկելու մասին որոշում է կայացվել:

Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: “Ժողովուրդների հայրն” ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր, քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:

Այդպես էլ եղավ, Վահան Տերյանը վախճանվեց ճանապարհին` ձյունածածկ Օրենբուրգում:

Վերացնելով Վահան Տերյանի նման սկզբունքային, ազնիվ և հայրենասեր կոմունիստներին, Ստալինին հետագայում հաջողվեց հայկական հարցը լուծել ըստ իր հայեցողության…

Խորհրդային ղեկավարների համար առաջնահերթ դեր էր խաղում մարդու գաղտնի դոսյեն և նրանք, ի տարբերություն հասարակայնությանը, քաջատեղյակ էին, որ Վահան Տերյանը հեռացված է եղել իր պաշտոնից: Դա էր, երևի, պատճառը, որ պոետի արձանը Երևանում կանգնեցվեց անկախության նվաճումից հետո միայն:

Այսօր, սակայն, Հայաստանի մայրաքաղաքում կա նրա ոչ թե մեկ, այլ երկու արձան, ինչը սիրո արտահայտության աննախադեպ երևույթ է: Բացի քաղաքի կենտրոնի բոլորին հայտնի քանդակից, նախանցյալ տարի կանգնեցվել է ևս մեկը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Դա Օգյուստ Ռոդենի ոճով քանդակված արվեստի մի իսկական գլուխգործոց է, որը ստեղծել է մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը:

Նիկողոսյանի քանդակը գեղարվեստական իմաստով ոչ միայն գերազանցում է Նորայր Կարգանյանի Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին, այլ նաև ավելի ճշմարտացիորեն է ներկայացնում Տերյան-մտածողի կերպարը, մինչդեռ Կարգանյանի քանդակը պատկերում է հուսալքված, “վիզը ծուռ”, իր հանդեպ խղճահարություն առաջացնող մի մարդու, որպիսին Տերյանը երբեք չի եղել: Կարծում ենք, որ ճիշտ կլինի տեղափոխել Նիկողոսյանի արձանը քաղաքի կենտրոն և տեղադրել Տերյան փողոցում: Իսկ եթե հարմար տեղ չլինի, լավ կլինի փոխատեղել քանդակները, որպեսզի եռևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կարողանան տեսնել Նիկողոսյանի գլուխգործոցը, որը, մեր կարծիքով, Երևանի լավագույն արձաններից է:

Հայ կոմպոզիտորները շարունակում են երգեր գրել Տերյանի խոսքերով, ասմունքողները` կազմակերպել երեկոներ, բոլոր տարիքի մարդիկ` կարդալ և անգիր անել պոետի բանաստեղծությունները, իսկ քաղաքական գործիչները վերընթերցում են նրա հոդվածներն ու ելույթները և համոզվում, որ Վահան Տերյանի մտորումները նույնքան արդիական են ու կարևոր, որքան` նրա կյանքի օրոք էին, երբ հարյուր տարի առաջ` 1908 թվականին հրատարակելով Մթնշաղի անուրջներ բանաստեղծությունների առաջին իր ժողովածուն նա հայտնի դարձավ հայ հասարակայնությանը:

Ի դեպ, Վահան Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու:

Գրիգոր Էմին–Տերյան

(Visited 223 times, 1 visits today)
Опубликовано в