Նիկոլ Փաշինյանն այլևս մեր երկրի խայտառակությունն է. Գևորգ Պետրոսյան

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` BBC HARDtalk-ին տված հարցազրույցին, Պետրոսյանն  ArmDaily.am- ի հետ զրույցում ասել է, որ ակնհայտ էր անգլերենը, այն էլ խայտառակ անգլերենը ցուցադրելու Փաշինյանի ցանկությունը:

«Ողջունելի է իհարկե հարցազրույցը նման հեղինակավոր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ, բայց եթե դու չես տիրապետում անգլերենի այնպես, որ ծիծաղ չշարժես, իմաստ չունի այդ լեզվով խոսել: Կարելի էր հայերենով խոսել` թարգմանիչով և շատ ավելի ասեր, քան ասեց: Ինձ համար ամոթալի էր այն, որ Փաշինյանը ոչ միայն երկրի ներսում է ստում, այլև ամբողջ սուտը սփռում է աշխարհով մեկ: Ինչ է նշանակում կանգնել ասել, որ իր իշխանության օրոք Հայաստանում խոսքի ազատությունն իրական է, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը… այսինքն այդ աստիճանի սուտ կարելի՞ է խոսել միջազգային հարթակներում: Իրեն թվում է, որ այդ լրագրողը կամ այդ լրատվամիջոցը, որը ներկայացնում է լրագրողը, չի իմանում, որ ՀՀ-ում դիմակ չկրելու համար մարդկանց կալանավորում են, չի՞ իմանում, որ քաղաքական այլախոհների նկատմամբ անհիմն դատավարություններ են հորինում, չի իմանում, որ մարդկանց, առանց պատճառի, ազատությունից զրկում, տանում՝ պահում և բաց են թողում ու որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, չի իմանում, որ վարչապետն ու իր վարչախումբը թաքնվել են կորոնավիրուսի հետևում և առանց անհրաժեշտության սահմանափակումներ է կիրառում, չի իմանում, որ դիմակը չի օգնում մարդուն վարակի դեմ, իսկ եթե օգնում էլ է, ապա չնչին, բայց այսօր ամբողջ Հայաստանում դիմակահանդես է պարտադրված: Նրանք ամեն ինչ լավ գիտեն: Հերիք չի երկրի ներսում ստում է, մի հատ էլ միջազգային լրատվամիջոցին է ստում, ծաղրի առարկա է դարձնում ոչ միայն իրեն, այլև բոլորիս: Իսկ ձեր և իմ նման քաղաքացիները պարտավոր չեն ապաշնորհ վարչապետի պատճառով ծիծաղի առարկա դառնալ: Մենք ենք միշտ ծիծաղել օտարների բացթողումների վրա, հիմա իր պատճառով ազգովի դարձել ենք ծիծաղի առարկա: Բացարձակապես չտիրապետելով խնդրին միջազգային հանրության առաջ խայտառակ հայտարարություն է անում և փոխանակ իր ասածն ուղղի, վերահաստատում է իր խայտառակ մոտեցումը, առ այն, որ ինքը Հայաստանի ղեկավարն է: Նախ ինքը Հայաստանի ղեկավարը չի, մեռանք ասելով, որ Հայաստանի ղեկավարը, Սահմանադրության համաձայն, երկրի նախագահն է: Այլ է խնդիրը, որ երկրի նախագահը ընդհանրապես չի գտնվում իր դիրքում»,-նշեց պատգամավորը:
Դա շոու է․ Փաշինյանը կարող է նման ...
Պատգամավորի խոսքով, եթե անգամ վարչապետն իրեն ներկայացնում է երկրի ղեկավար, նման հայտարարություններ չպետք է անի, որ միջազգային հանրության առաջ մեզ խայտառակի:

«Ասում է ես ՀՀ միակ ղեկավարն եմ, որ նոր բանաձև է ընտրել` Արցախի խնդրի լուծումը լինի շահեկան և’ Հայաստանի ժողովրդի, և’ Արցախի ժողովրդի, և’ Ադրբեջանի ժողովրդի համար: Այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցիները հերթական ստոր հարձակումը, նենգ գործողությունները կատարեցին, իհարկե դրա համար, ի փառս մեր զինվորների, խստորեն պատժվեցին: Լավ, այսքանից հետո, էդ մարդուն հրաժարական տալն ինչն է խանգարում, ինքը չի հասկանում, որ չի տիրապետում ոչ երկրի ներքին խնդիրներին, ոչ արտաքին խնդիրներին: Ինչքան կարելի է պետական պաշտոնը պահելու համար խայտառակել մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ ժողովրդի, ում ինքն անվանում է հպարտ քաղաքացիներ: Կամ ինչ է նշանակում ասել` ղալաթ է արել էն մեկը, ով կասի Հայաստանի կառավարությունը կոռումպացված է: Ինքը մոռանում է, որ կառավարության նիստը ամբողջ աշխարհը տեսնում է, մենք ինտերնետի դարում ենք ապրում: Ես ղալաթ եմ անում ու ասում եմ` Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի մեջ թաթախված է, խեղդվում է արդեն: Դրանք այնքան գրագիտություն չունեն իրավաբանական, որ ճիշտ վերծանեն, թե ինչ է նշանակում կոռուպցիա: Իրենք կոռուպցիա բացառապես հասկանում են կաշառք վերցնել, տալը: Իհարկե չգիտեմ, թե այնտեղ կաշառքներ տրվում- վերցնում են, բայց որ Հայաստանում կա կադրային կոռուպցիա, որ կա անպատժելիություն իրենց կողմից նշանակված կադրերի կողմից, դա միանշանակ է: Էդ պարգևավճար կոչվածը, որ ստանում են այն մարդիկ, ովքեր բացարձակապես աշխատանք չեն կատարում, սա էլ է կոռուպցիա, յուրայինների հանցանքների նկատմամբ քար անտարբերությունը և քաղաքական այլախոհների կողմից թեթև խախտումների դեպքում խստագույն պատիժները, սա էլ է կոռուպցիա: Ինքը չի հասկանում, իրեն մեկը խաբել է, և քանի որ նա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու է, իրեն մեկը խաբել, ասել է, թե կոռուպցիան միայն փող առնելն է: Նորից եմ ասում` հլը հարց է, իրենք տալիս, առնում են, չգիտեմ, բայց կոռուպցիայի ավելի վտանգավոր դրսևորումներ կան:

Եթե այսօր վարչապետ մարդ, կանգնում ասում է ես տեղյակ չէի, որ ՍԴ դատավոր կոչեցյալ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում և աշխատավարձ ու պարգևավճար է ստանում: Բա եղբայր, դու արդեն տեղյակ ես, ի՞նչ քայլ ես արել, ոչ մի, քանի որ ձեր սրտի դատավորն է: Բայց որևէ այլ դատավոր, եթե երկու անգամ դատական նիստի չմասնակցի առանց հարգելի պատճառի, անմիջապես կարգապահական վարույթ կհայտարարեն և կտանեն քրեական հետապնդում կսկսեն: Հասկանում եք, որ այդ կոռուպցիա կոչվածը միայն գումարը չի: Մեր ամբողջ իշխանությունը հիմա թաղված է կոռուպցիայի մեջ: Ասում են կադրային հարցերով խնամի-ծանոթ- բարեկամ չկա, հլա ԱԺ-ից սկսեք կառավարությունով, իր ենթակառուցածքներով, նախարարություններով վերջացրեք և տեսեք, թե ով, ում բարեկամն է: Աննախադեպ կոռումպացված կադրային քաղաքականություն է այսօր վարում Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ կենսագրություն ունի ԱԺ ...

Այսօր Ալեն Սիմոնյանը, որը բոլոր ապացույցներով երևում է, որ ինքը նախահարձակ է, որ ինքն է հարձակվում, մարմնական վնասվածք պատճառում, բայց հանկարծ պարզվեց, որ Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի մեջ: Ի դեպ, ինքն ամեն օր է հոգեկան հուզմունքի մեջ տարբեր պատճառներով: Իսկ եթե՞ այդ նույն բանն աներ Գևորգ Պետրոսյանը կամ մեկ ուրիշ քաղաքական ընդդիմախոս, հիմա Գևորգ Պետրոսյանը վանդակաճաղերի հետևում էր, անձեռնմխելիությունից զրկված, պատգամավորի մանդատը վայր  դրված: Բա սա կոռուպցիա չի՞, բա կոռուպցիան ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում ասել` պոզով-պոչով է լինում, սա դասական կոռուպցիա է: Այնպես որ, Փաշինյանն այս երկուս ու կես տարիների ընթացքում հասցրեց վարկաբեկել պետական կառավարման ինստիտուտը, կառավարչի կերպարը և ամենավատը, որ դա արեց ոչ միայն երկրի ներսում, այլև դա անում է միջազգային հարթակներում: Նա այլևս մեր երկրի խայտառակությունն է»:

(Visited 69 times, 1 visits today)