«Տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ». Միքայել Մելքումյան

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:

Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:   Սա խայտառակ երևույթ է

Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով: Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:

Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:   Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:   Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում: Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:

Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:   Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»:

(Visited 122 times, 1 visits today)