Շիրակի մարզպետը, դատախազի միջնորդությամբ 2-րդ անգամ աշխատանքից ազատեց աշխատանքային իրավունքը վերականգնած դպրոցի տնօրենին

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որն անցյալ տարի իր մանկավարժական հանրույթի հետ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, այնուհետ ՇՄ դատախազի միջնորդությամբ եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ, 2019 թվականի մարտի 1-ին ազատվել էր աշխատանքից, իրավական հարթակում վերականգնել էր իր աշխատանքային իրավունքն ու 2020 թվականի փետրվարի 25-ին որպես տնօրեն վերադարձել դպրոց:

Դպրոցի տնօրենին ընդունել էին ակնհայտ դժկամությամբ, ուսուցիչները՝ գործադուլ, աշակերտներն էլ ծնողների որոշմամբ հայտարարել էին դասադուլ, հասել ՇՄ դատախազություն, եւ իրենց բողոքն ընդդեմ Մեսրոպյանի բանավորից բացի ներկայացրել գրավոր տարբերակով նաեւ:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ինչպես նախորդ, այս անգամ եւս միջնորդել էր, որպեսզի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կրկին աշխատանքից ազատի Նարինե Մեսրոպյանին:

Տիգրան Պետրոսյանը  արդեն 2-րդ անգամ անվստահության հիմքով թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ազատել է տնօրենի պաշտոնից: «Ես անձնական որեւէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ: Ճանաչելու  հնարավորություն չեմ ունեցել: Որպես գործատու ես անվստահություն ունեմ ոչ թե մարդու, այլ  դերակատարի հետ: Տիկին Մեսրոպյանի հետ 2-3 անգամ եմ հանդիպել, մարդկային հարաբերությունից, բարեւ-բարի լույսի շրջանակում մեր հարաբերությունները մնացել են: Ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատակից հարաբերություններում: Հանդիպել ենք դպրոցի անձնակազմի եւ ծնողներ հետ, մտահոգությունները բավականին խորքային են»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:

Նարինե Մեսրոպյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (Մեսրոպյանը ՀՀԿ անդամ է-խմբ.):

Այդպես է արդյո՞ք՝ ՀԺ-ի հարցին, մարզպետը պատասխանեց՝ ոչ: «Քաղաքական հետապնդման համար պետք է լինի քաղաքական հետաքրքվածություն: Դերակատարի նկատմամբ, որի քաղաքական պատկանելիությունը ես բացահատել եմ ընդամենը 2 օր առաջ, քաղաքական հետապնդումը շատ բարձր է հնչում»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ մարզպետի, Մեսրոպյանն ունի իրավունք այս որոշումը եւս վիճարկել դատարանում, այնպես, ինչպես արել է առաջին անգամ: «Իրավական երկիր է, դա էլ իր իրավունքն է»,-ասաց մարզպետը:

Դպրոցի տնօրենի ԺՊ Արտակ Մարտիրոսյանի հետ դեռ աշխատանքային պայմանագիր չի կնքվել: Նարինե Մեսրոպյանին այդ պաշտոնից ազատելու որոշումը մարզպետը ստորագրել է երեկ օրվա ավարտին:

Երկուշաբթի օրը դպրոցում դասերը կվերսկսվեն, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ: Շիրակի մարզպետն ասաց, որ դասադուլ ու գործադուլ կազմակերպելու վրա ինքը որեւէ ազդեցություն չի ունեցել, ըստ այդմ էլ չի կարող ասել՝ երկուաբթի դպրոցում դասեր կլինեն, թե՝ ոչ:  Բայց ընդգծեց. իր համար կրթական գործընթացի շարունակականության ապահովումն առաջնային է:

Իր գործողությունների մեջ Մեսրոպյանը ներքաշել էր դպրոցի 25 աշխատակցի: «Նախաքննությամբ փաստվեց, որ Նարինե Մեսրոպյանը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել նրան, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելն աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- 2019 թվականի փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

(Visited 31 times, 1 visits today)