«Ինձ նման խառն էր»․ Լիլիանա Բելլայի կյանքի ծանր շրջանը եւ նոր զբաղմունքը

«Ոգեշնչված եմ շատ, անընդհատ ուզում եմ նոր բան ստեղծագործել ու ներկայացնել մարդկանց։ Իմ կյանքում գալիս են այդպիսի շրջափուլեր հատկապես երկար ժամանակ պասիվ լինելուց հետո»,- ասում է երգչուհի Լիլիանա Բելլան, որն այժմ ստեղծագործական ու համերգային ակտիվ շրջանում է։ Վերջերս նա հանդես եկավ իր առաջին մենահամերգով, թողարկեց «Մի երեկո» երգի տեսահոլովակը, սոցիալական ցանցերի իր էջերում էլ հաճախ ներկայանում է գրառումներով ու տեսանյութերով։ «Հիմա ավելի շատ համերգների վրա եմ կենտրոնացել։ Հունիսի 18-ին էլ առաջին մենահամերգս էր։ Ներկայացնում էի իմ հին ու նոր երգերը, պրեմիերաներ էլ եղան։ Վերջում համատեղ հանդես եկա Սուրեն Սարդարյանի հետ, որի ստուդիայում հետաքրքիր իմպրովիզներ էինք անում վերջին շրջանում։ Իրականում Սուրենն ինձ համակարգչով աշխատելու շատ նոր բաներ սովորեցրեց, հիմա ինքս եմ կարողանում նոր ու հետաքրքիր լուծումներ տալ երգերիս։ Մի խոսքով՝ մի քիչ խառը համերգ էր՝ ինձ նման (ժպտում է,- հեղ․)։ Իհարկե, դժվար ու հոգնեցնող է, երբ միայնակ ես փորձում ամեն ինչ անել, մարդկանց հետ պայմանավորվել, կազմակերպել, եւ այդ պատճառով որոշ բաներ չես հասցնում ուզածիդ պես անել։ Բայց առաջին համերգն էր, ես շատ լարված էի, երեւի նորմալ է։ Հաջորդ անգամ այդքան արագ չեմ անի ամեն ինչ, որ հասցնեմ հանգստանալ․ դա շատ կարեւոր է»,- պատմում է Լիլիանան։
Իր վերջին տեսահոլովակում, որ թողարկվել է «Մի երեկո» երգի հիման վրա, նա ներկայանում է զգացմունքներն արտահայտող մի նոր լեզվով՝ պարով, որն այժմ երգչուհու կյանքում ուրույն տեղ ունի, ինչպես ինքն է խոստովանում։ Լիլիանան պատմում է, որ երգը ծնվել է նախորդ տարի՝ իր կյանքի մի ծանր շրջանում, որի մասին առայժմ չի ցանկանում մանրամասնել։ Միայն նշում է, որ Մոսկվայում է եղել երգը գրելիս, չի ունեցել ո՛չ դաշնամուր, ո՛չ այլ երաժշտական գործիքներ։ Հենց այդ ժամանակ էլ իմացել է, որ մի մարդ ցանկանում է իր դաշնամուրը դեն նետել, եւ որոշել է այն իր տուն տանել։ Հենց այդպես էլ ստեղծվել է երգի նախնական տարբերակը։ Հայաստան վերադառնալուց հետո հասկացել է, որ ցանկանում է այն ձայնագրել նոր գործիքավորմամբ ու երաժշտական ձեւավորմամբ։ Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա պարելու հարցում Լիլիանային օգնել է ընկերուհին՝ Ինեսսա Հովհաննիսյանը, որի հետ, պարզվում է, վաղուց էին ցանկանում համագործակցել:

«Ի դեպ, պարել շատ սիրեցի, որովհետեւ դա էլ զգացմունքներն արտահայտելու ինչ-որ ձեւ է։ Ինձ համար նոր միջոց գտա հույզերը ներկայացնելու։ Հիմա պարում եմ հաճախ»,- ասում է նա։Լիլիանան հետեւորդների հետ կիսվում է անձնական փորձով, զգացողություններով ու անկեղծ պատմություններով։ Ասում է՝ նպատակը մեկն է՝ միավորել մարդկանց․ «Դա ուղղակի իմ երազանքն է, որ մենք՝ բոլորս, հավասարի պես կիսվենք իրար հետ՝ առանց նույնիսկ ճանաչելու իրար։ Որովհետեւ ինձ թվում է՝ ամեն մարդ ուզում է գտնել որեւէ մեկին, որն ինչ-որ կերպ հասկանում է իրեն։ Չնայած՝ մեկ է, մինչեւ վերջ հասկանալ չենք կարող, քանի որ, ցավոք, յուրաքանչյուրս սահմանափակ ենք մեր տեսանկյունից նայելու հարցում։

Բայց երբ զգում ենք՝ մարդիկ կարծես հասկանում են մեզ, դա օգնում է միայնակ չզգալ։ Ես ուզում եմ մարդկանց միավորել իմ խոսքով, իմ երաժշտությամբ, եթե ունեմ այդ հնարավորությունը, որ բոլորս ուղղակի լինենք բարի, սեր տարածենք։ Ու դրա համար ուզում եմ անկեղծ ու իրական լինել»։Երգչուհին նշեց, որ առաջիկայում սպասվում են երաժշտական նորություններ ու համերգներ։ Նոր գրված երգերն արդեն կարելի է լսել կայանալիք համերգների ժամանակ, մինչ դրանք կթողարկվեն տարբեր հարթակներում։ Դրանցից մեկը «Smile Hunter»-ն է (Ժպիտների որսորդ), որ արդեն հասցրել է հնչել Լիլիանայի մենահամերգի ժամանակ։ Երգչուհին այն նախատեսում է թողարկել ամառվա վերջին։ Իսկ մինչ այդ նա համերգներով հանդես է գալու ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում՝ իր ժպիտներով, հույզերով ու մտքերով կիսվելով ամենամոտ ու հեռու անկյուններում։

(Visited 39 times, 1 visits today)