Գերությունից վերադարձած Արայիկ Գալստյանը տուն ունեցավ

 

Մինչեւ բանակ զորակոչվելը Արայիկը Ալավերդու ուսումնարանում եռակցողի մասնագիտություն է սովորել, դասերին զուգահեռ էլ գյուղում տարբեր աշխատանքներ արել՝ մորն օգնելու, նրա հոգսը թեթեւացնելու նպատակով։

Մայր ու որդի ապագայի պլաններ են կազմել. «բանակից հետո»-ն ավելի հեշտ ու խոստումնալից էր լինելու։

Երեք երեխաներին դժվարությամբ մեծացրած Անիչկա Միկոյանը չէր մտածել, որ կրտսեր որդու ծառայությունն իր կյանքի վատթարագույն շրջանն է լինելու։ Պատերազմի օրերին պահարանին դրված նրա նկարին էր նայում ու խելագարվում, բայց հետո, երբ զանգում, լսում էր ձայնը, մի քիչ թեթեւանում էր ու մտածում՝ պատերազմը չի երկարի, շուտով ամեն ինչ կավարտվի։

Որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել, հետո զանգերը դադարել են, իսկ պատերազմը՝ ոչ։

«Խելագարի պես սկսեցինք փնտրտուքը։ Երեւանում ու Ղարաբաղում տարբեր հիվանդանոցների անուններ էին ասում, որտեղ վիրավորների էին տանում, մի տեղից մյուսն էինք գնում։ Կապվում էինք, նկարներ ուղարկում, բայց ոչ մի լուր։

Հոսպիտալ չէինք թողել։ Ես, ախպերս ու մեծ տղես էինք զբաղվում էդ գործերով, աղջիկս էլ ինտերնետով էր փնտրում ախպորը»,- կատարվածը վերապրելով՝ պատմում է Անիչկա Միկոյանը։

Վիրավոր զինվորների մեջ որդուն փնտրող մորը մեկուկես ամիս անց ասել են, որ Արայիկը գերի է։ Տղայի նկարը տեսնելուց հետո էլ չի հավատացել․ էնքան էր փոխված, նիհարած, որ ես իմ էրեխուն չեմ ճանաչել, ասում է։ Համոզվել է միայն աղջկա գտած տեսանյութը դիտելուց հետո, որտեղ ադրբեջանցիների հետ հարցուպատասխանի ժամանակ Արայիկն ասել էր իր անուն-ազգանունը։

(Visited 91 times, 1 visits today)