«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի շարունակեն թունավորել Հայաստան-Արցախ հարաբերությունները: Արցախի
իշխանություններին և բնակիչներին փորձում են տրամադրել Հայաստանի իշխանությունների դեմ: Բայց նրանք որևէ բանի չեն հասնելու, ուղղակի գլորում են ամառը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների Արցախ այցելությանը՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքական գործիչ չէ. «Նա Լևոն Տեր-Պետրոսյան չէ, Կարեն Դեմիրճյան չէ: Քոչարյանը երբեք քաղաքական տեքստ ու խոսք չի ունեցել: Հրապարակային շփումն իր համար չէ: Այդ պատճառով այս շարժումը ձախողվեց, քանի որ գլխավերևում ինքն էր կանգնած. ընդդիմության առաջնորդը չի կարող Ռոբերտ Քոչարյանի նման մեկը լինի: Երբևէ լսե՞լ եք, որ Քոչարյանը ծրագրային խոսքի ասի. այդպիսի դեպք չի եղել երբեք»:
Հարցադրմանը, եթե ընդդիմությունը մի փոքր դադար վերցներ, նոր գաղափարներով կրկին վերադառնար, ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի, քաղաքագետը նշում է՝ դադարը նույնպես չէր օգնի, քանի որ մի քանի ամսում Քոչարյանը կրկին քաղաքական խոսք չէր կարողանալու ասել:
«Իսկ եթե քաղաքական խոսքն ասողը Իշխան Սաղաթելյանն է, ապա ի՞նչ դեր ունի այս ամենի մեջ Քոչարյանը: Թող ասի՝ ես կապ չունեմ, թե չէ բոլորը Սաղաթելյանին մեղադրում են, որ պայքարում է Քոչարյանի վերադարձի համար: Թող հայտարարի, որ ինքը չի հավակնում վերադառնալ, կամ իր տղաներից որևէ մեկը հետագայում չի լինելու առաջնորդ»,- ասում է Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանն Իշխան Սաղաթելյանին կարգեց շարժման առաջնորդ, դա հեգնանք էր. «Ցույց տվեց, որ մինչև հիմա չեք հասկանում՝ ով է ձեր շարժման առաջնորդը: Այդ քայլով Սարգսյանն ասաց՝ ինչպես սկսեցիք շարժումը, այդպես էլ փակումն արեք: Նա ամբողջ ընթացքում ցույց էր տալիս, որ ինքը հավակնություններ չունի կրկին վերադառնալու, Վանեցյանն ասում էր՝ մեր շարժումը առաջնորդ չունի, քոչարյանականներն էլ ասում էին՝ մենք ենք առաջնորդը, Սերժ Սարգսյանն էլ հասկացրեց՝ առաջնորդ եք, դե գնացեք, վերջին խոսքն էլ ասեք»:
Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում, որ ցանկանում է վերադառնալ, դրա համար էլ նրան ու Սերժ Սարգսյանին այդպես էլ կողք կողքի չտեսանք:
Նկատառմանը, որ Արթուր Վանեցյանը շարժումը սկսելուց որոշ ժամանակ հետո սկսեց ավելի քիչ երևալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ օրեր առաջ հայտարարել էր, թե՝ իրենք չեն էլ եղել այս պայքարում, հարցադրմանը՝ ինչի՞ հետ է կապված մերժումային քաղաքականությունը, Սաֆարյանն ասում է.
«Նրանք նույնիսկ ուժ չունեցան ընդունելու, որ մասնակի կապ ունեին 44-օրյա պատերազմի պարտության հետ: Պատերազմի ամբողջ ելքը թողեցին իշխանությունների ուսերին: Մեծ մարդիկ են ուժ ունենում իրենց պարտությունն ընդունելու: Չնայած իրենք էլ ունեին պատճառ չմիանալու շարժմանը, մյուս կողմից ասում էին՝ դուք վարկաբեկված եք, մի եկեք, որպես «մասովկա» էին վերաբերվում Վանեցյանին և ՀՀԿ-ին»:
Հարցին՝ Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելը պարտության ընդունո՞ւմ էր, քաղաքագետը նկատում է՝ սուտ է, թե Արթուր Վանեցյանն ու ՀՀԿ-ն առանձնանում են:
«ՀՀԿ-ն իր թիմին պահում է խորհրդարանի ներսում, իսկ Վանեցյանին՝ փողոցում: Ես չեմ հավատում, որ նրանք բաժանվում են: Նրանց նույնիսկ հեղափոխությունը չբաժանեց, ո՜ւր մնաց Իշխան Սաղաթելյանը բաժանի: Նրանք հասկանում են, որ արդեն պետք է պատրաստվեն հաջորդ ընտրություններին, փողոցային պայքարի կիզակետում էլ լինելու է Վանեցյանը, որովհետև այլ լավ կադր չունեն»,- կարծում է զրուցակիցը: