Քարվաճառ մտած ադրբեջանցի հանցագործներից մեկը խոստովանել է՝ պետությունն էր իրենց ուղարկել․ Sputnik

2014թ․ Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիևը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից, փոխանցում է SputnikArmenian-ն։

2014թ․ հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տևած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։

«Ինձ կանչեցին, ասացին՝ պետությանը պետք ես։ Իրականում ինձ մենակ էին ուզում ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովը տեղանքը լավ գիտի, ինքն էլ գա։ Այդ ժամանակ Դիլհամը բռնվել էր, Շամխորի ոստիկանությունում էր։ Նրան բանտից հանեցին, բերեցին»,- պատմում է Գուլիևը։

Գուլիևը հատուկ ընգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, նրանց տեղում զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիևի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են արել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։

Գուլիևից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հարցազրույց է տվել նաև Ասկերովի տղան՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները տարբեր անգամներ ներխուժել են Արցախի տարածք՝ 2005թ․, 2007թ․,2009-10թթ․։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010թ․, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։
Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014թ․, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիևը պատմում է, որ նմանատիպ տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։

«Հասանովին տվածս տեսաերիզը բռնվելուս օրը Ստեփանակերտում հայերը բերեցին, սեղանիս դրեցին»,- ասում է Գուլիևը։
Պարզվում է՝ Գուլիևն ու Ասկերովը Բաքու վերադառնալուց հետո սկսել են մեկը մյուսին մեղադրել բռնվելու համար։ Գուլիևը պատմել է, որ իրենք բռնվել են, իսկ իրենց զինակիցը սպանվել է Ասկերովի պատճառով, որովհետև նախապես պլանավորված չի եղել Քարվաճառ քաղաք ներխուժել, սակայն վերջինս պնդել է, որ պետք է մտնել։ Դիլգամ Ասկերովն էլ, Բաքու վերադառնալուց հետո, իր հերթին հասցրել է պնդել, թե Գուլիևը «հայկական լրտես է, իրեն ծախել է»։
Ընդհանուր առմամբ, երկու հանցագործն էլ պնդում են, որ Բաքու վերադառնալուց հետո պետությունն իրենց ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Ասկերովի տղան ասում է՝ հորը նույնիսկ թոշակ չեն տալիս, իսկ Գուլիևը բողոքում՝ ընդամենը 180 մանաթ թոշակ է ստանում (մոտ 48 հզ դրամ)։ Գուլիևը հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ պատրաստվում է ավելի շատ մանրամասներ հայտնել, իսկ այնուհետ ինքնասպան է լինելու։

Հիշեցնենք՝ երբ հայկական կողմը ադրբեջանցի հանցագործներին բռնեց, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե նշված անձինք «խաղաղ բնակիչներ են, որոնք եկել էին իրենց նախնիների գերեզմաններ այցելության»։ Հայկական վերահսկողության տարածքում գտնվելու ընթացքում ադրբեջանցիները հասցրել էին առևանգել և սպանել Քարվաճառի շրջանի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էին մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել նրա ուղեկից, 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։

Բռնվելուց հետո հանցագործներից Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր բռնվածներին հետ վերադարձնելու համար, ինչի համար նույնիսկ կազմակերպվեց 2014թ․ օգոստոսյան փոքր պատերազմը, սակայն հայկական կողմը պնդում էր՝ նրանք ռազմագերի չեն, այլ՝ հանցագործներ և պետք է ազատազրկման ենթարկվեն։ Այնուամենայնիվ, 2020թ․ դեկտեմբերին հանցագործներն արտահանձնվել են Բաքվին։