Այդ կանայք գիտե՞ն՝ ինչպես են ապրում որդի կորցրած մարդիկ. զոհվածների մայրերը վրդովված են ընդդիմադիր պատգամավորների քայլից

«Ծանր տեսարան էր ինձ համար: Պետք է ամենամեծ պատժին արժանանան՝ մեր տղաների մասունքները գետնին նետելու համար: Զոհված զինծառայողի մասին մտածողը զոհվածի մարմնի լուսանկարները կնետի՞ գետնին:

Անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի առողջապահության նախարարի աշխատասենյակ ներխուժելուն և զոհված զինծառայողների մասունքների լուսանկարները գետնին նետելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գոռ Մելքոնյանի մայրը՝ Լիլյա Բադալյանը:

«Չգիտեմ՝ դրանով ինչ էին ուզում ասել, բայց եթե իրենց թվում է՝ զոհված երեխու նկարը շպրտելուց հետո մենք պետք է իրենց կողքը կանգնենք, չարաչար սխալվում են: Ո՞նց կարող ես դու այդպես վարվել, անարգել այն տղաների հիշատակը, ովքեր նաև քեզ համար են զոհվել, որ դու այսօր կարողանաս ապրել քո երկրում»,- ցավը սրտում՝ ասում է որդեկորույս մայրը:

Տիկին Լիլյայի խոսքով՝ հայ ժողովրդի և Արցախի մասին մտածող որևէ անձ երբեք նման քայլի չէր գնա:

«Իրենց կռիվը չգիտեմ՝ ո՞րն է, մի՞թե չեն մտածել, թե ինչ կզգան զոհված զինվորների մայրերը, առավել ևս՝ այդ լուսանկարների տղաների ծնողները ինչ վիճակում կարող են հայտնվել դրանից հետո: Այդ կանայք գիտե՞ն՝ ինչպես են ապրում պատերազմում որդի կորցրած մարդիկ: Իրենք իրենց դեմքն են ցույց տալիս, ցույց են տալիս, թե ինչ են ուզում անել ընդհանրապես: Իրենց դեմքը նաև իրենց հարստությունն է ցույց տալիս»,- ասում զոհվածի մայրը:

Պատգամավորների երեկվա գործողությունների տեսանյութը տեսել է նաև որդեկորույս Նազիկ Գրիգորյանը: Նա մեզ հետ զրույցում նշում է՝ ցավալի է, որ աթոռի համար որոշ անձինք անցնում են բարոյականության բոլոր սահմանները:

«Որդեկորույս ծնողներով այս հարցը քննարկել ենք, բոլորս էլ վիրավորված ենք ու չենք կարողանում հաշտվել նրա հետ, ինչ տեսել են: Մեր երեխեքը նաև հանուն իրենց են զոհվել ու հիմա նման վերաբերմունքի են արժանանում: Նման քայլի գնացողները թափթփուկներ են: Մեր տները քանդվել են, մեզ մամա ասող այլևս չկա, բայց իրենք են չարացել բոլորի հանդեպ ու ինչ քայլի ասես՝ պատրաստ են գնալ»,- ասում է որդեկորույս մայրը:

Տիկին Նազիկի խոսքով՝ պատգամավորները չեն կարող պատկերացնել զավակ կորցրած ծնողի ցավը, հատկապես երբ այդ ծնողը տեսնի՝ ինչպես են իր երեխայի մասունքների լուսանկարները գետնին շպրտվում:

«Ես չեմ մասնակցում այդ հանրահավաքներին, որովհետև ինչ էլ անեն, մեր տղաներին հետ չեն բերելու: Մի քանի դաշնակներով դուրս են եկել աթոռի կիվ են անում ու օգտագործում ամեն սուրբ բան իրենց կեղտոտ նպատակների համար: Նման սթրեսային երևույթները մեր առողջության վրա շատ վատ են անդրադառնում: Ախր, չեն պատկերացնում՝ ինչքան են ցավեցնում նման քայլով որդեկորույս ծնողին»,- նշում է զոհվածի մայրը:

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինա Ռաֆայելյանը ևս նշում է, որ այդ տեսանյութը զավակ կորցրած ծնողի համար շատ ցավալի է և բացասական ազդեցություն կարող է ունենալ:

«Մենք մեր ամենաթանկ ենք տվել, որ իրենց հետ այդպես վարվե՞ն: Ո՞նց կարող ես գրպանիցդ հանես ու շպրտես զոհված երեխեքի մասունքները: Այդ անողները պետք է իրենց վրա զգան, ապրեն այդ ցավը, որ հասկանան նման քայլի արժե՞ գնալ: Ցույցերին նաև զոհված երեխեքի որոշ ծնողներն էլ են մասնակցում, իրենք ո՞նց են այդքանից հետո քայլելու այդ անձանց կողքով»,- ասում է որդուն հայրենիքին նվիրած մայրը:

Նշենք, որ ՀՀ առողջապահական գերատեսչությունը դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: