ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի կապակցությամբ այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման լիդերները մի քանի հարյուր համախոհներով Ֆրանսիայի հրապարակից երթ էին նախաձեռնել դեպի ՀՀ ԱԳՆ:
Հասնելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ընդդիմադիրները հանդիպեցին ոստիկանական պատի՝ չկարողանալով առաջ շարժվել:
ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ նպատակ չունեն շրջափակել ԱԳՆ շենքը, այլ ցանկանում են իրենց ուղերձը հասցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որը գտնվում է ԱԳՆ շենքում:
Լրագրողների ճշտող հարցին, թե ինչո՞ւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մուտքը դեպի ԱԳՆ չեն խոչընդոտում այնպես, ինչպես, օրինակ, Չերնոգորիայի և Լիտվայի նախագահի դեպքում էր, Սաղաթելյանը նշեց, թե իրենք նպատակ չեն ունեցել, որ ՀՀ ժամանած հյուրերը շենք չմտնեն, այլ այդ անձանց մոտ գտնվելն է նպատակը և իրենց դիրքորոշումը արտահայտելը:
Լրագրողներից մեկին ճշտող հարցին՝ արդյոք Լավրովի պարագայում որևէ կաշկանդվածություն կա՞, թե՞ ոչ, քանի որ մինչ այս ՀՀ ժամանած պատվիրակություններին մոտենալու ակցիաները ավելի բուռն էին, Սաղաթելյանը փոքր-ինչ լրագրողի հարցից բորբոքվեց՝ նշելով. «Ես հասկանում եմ՝ դուք հարցը ուր եք տանում, ինչ եք ասում: Քանի կա, ասում էիք՝ Ռուսաստանից որևէ մեկը գա, ռիսկ չենք անելու գնանք, ասելիք ասենք, բայց այսօր երեկոյան համեմատեք, տեսեք՝ մենք խնդիր ունենք խոսքը տեղ հասցնելու, թե ոչ»:
ՀՀ գլխավոր դատախազության դիմացից ընդդիմադիրները կրկին շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այսօր՝ 19:30, հերթական հանրահավաքն են նախաձեռնել: