ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակին, գրել է. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար»։
Սա ուղղակի տգիտության, չարության վառ արտահայտում է՝ եթե մեղմ լինենք։
Ամբողջ օրը հայրենասիրությունից, հայրենիքից, նրա շահից խոսող պատգամավորը այս լուրը տեղափոխում է ներքաղաքական հարթություն՝ ցուցադրելով ոչ միայն իր՝ հայրենասիրության մասին պատկերացումների մակարդակը, այլ նաև տգիտությունը, չհասկանալով, թե պետության համար ինչ նշանակություն կարող է ունենալ արբանյակ ունենալը, ու ինչի համար այն կարող է ծառայել։
Վարդանյանի համար, ակնհայտորեն, հայրենասիրությունը ազգագրական և հայրենասիրական երգեր երգելն է, կենացներ խմելն ու դրոշ թափահարելը։ Զարմանալի չէ, թե ինչու է 30 տարի պետականություն ունեցող երկիրը այսօր այս ծանր վիճակում։ Չէ՞ որ երկիրը 20 տարի ղեկավարվել է Վարդանյանի մակարդակի ու ընկալումների գործիչների կողմից, որոնց համար հայրենասիրությունը դրա մասին բարձր գոռալն է եղել, եթե անտեսենք այդ գոռոցների ու կենացների հետ միաժամանակ երկրի ունեցվածքը թալանելն ու քաղաքացիներին ունեզրկելը։
Կամ ի՞նչ է իրենից ներկայացնում դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, որ պետությունը Երկրի ուղեծիր արբանյակ ուղարկի՝ իրեն հետևելու համար։
20 տարի դրոշ է թափահարվել՝ արբանյակ ունենալու փոխարեն, կենաց է ասվել՝ զինվելու փոխարեն, երգեր են երգվել՝ կրթություն ու գիտություն կայացնելու փոխարեն, երկիրը հասցրել են իր անկախության պատմության ամենածանր վիճակին, հիմա էլ այս մակարդակի տեքստերով չարախոսում են այն աշխատանքը, որ արվում է պետությունը կայացնելու համար։ Այսքանից հետո Վարդանյանը և իր կուսակիցներն ու գործընկերները պայքարում են իշխանության համար և «ժեխ», «զոմբի», «տգետ» անվանում իրենց կարծիքը չկիսող քաղաքացիներին։ Ակնհայտ է և փաստ, թե իրականում ով է փորձում պետությունը ոտքի հանել, և ով է «տգետ», «ժեխ» ու «զոմբի»։
Զարմանալի է, որ Հայաստան պետությունը նմանօրինակ գործիչների ղեկավարման պայմաններում դեռ գոյություն ունի։