«Իմ մասով էլ կա բացթողում. նոր հրամանատարը հաշվի է առել այդ ամենը». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը:
Չնայած սրան՝ գեներալ-լեյտենանտը շարունակեց. «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքներն այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:
4 ժամ շարունակ պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Մնացականյանը հայտարարեց, որ տվել է բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: «Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք միայն իրականությունը, որը եղել է Ապրիլյանի օրերին»,- հավելեց Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք այդ օրերին եղե՞լ է օպերատիվ տվյալների պակաս, Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Դա դեռ չեմ պատասխանի, հարցեր կան, պետք է ճշտվեն, դա հանձնաժողովը կորոշի, եթե կարիք կլինի ներկայացնելու, կներկայացնի»:
Խոսելով այն մասին, թե արդյոք 2016-ի ապրիլին եղե՞լ են ճակատագրական սխալներ՝ Մնացականյանը պատասխանեց՝ ի՞նչ ճակատգրական սխալների մասին է խոսքը, եթե ասում է, որ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը:
Այդ դեպքում ինչո՞ւ 100-ից ավելի զոհեր ունեցանք՝ լրագրողի այս հարցին էլ Մնացականյանը պատասխանեց. «100-ից ավելի զոհ չի եղել ապրիլի 2-ից 5-ը, ապրիլի 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող»:
ՊԲ նախկին հրամանատարը նաեւ տեղեկացրեց, որ կա ե՛ւ Պաշտպանության բանակի, ե՛ւ Գլխավոր շտաբի աշխատանքների վերլուծական, այդ վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք հիմա ընթացքի մեջ են, ի կատար են ածվում:
Հարց հնչեց նաեւ, թե ի վերջո հայկական կողմը 800 հեկտա՞ր է կորցրել, ինչպես հայտնի էր դարձել պատերազմից հետո, թե՞ 400, ինպես հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասում է Սերժ Սարգսյանը: «Մեր հաշվարկով՝ մինչեւ 400 հեկտար»,- պատասխանեց Մնացականյանը եւ շտապեց հեռանալ: