Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա,բայց չսպանել

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ, սակայն չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում դատական գործընթացի արդյունքում նրանց ներում չի շնորհվի, գրում է Manila Bulletin-ը:

Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին` հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար:

«Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսատուրքերը և այլն, և այդ ապուշները կաշառք են ուզում ձեզնից, հարվածե՛ք նրանց: Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի՛ սպանեք նրանց»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:
Դուտերտեն նշել է, որ օրինախախտ պաշտոնյաների ուղղությամբ կրակ բացած քաղաքացիների հանդեպ կկիրառվի պատժի միայն մեկ տեսակ` «ընդամենը մարմնական լուրջ վնասվածքներ»:

Նախագահի խոսքով` կոռուպցիան համատարած երևույթ է դարձել երկրում:

«Այն որդ է, որը բնակվում է յուրաքանչյուր պաշտոնյայի ուղեղում»,- հավելել է նա:

Դուտերտեն երկրի քաղաքացիներին կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքները և տեղեկացնել պաշտոնյաների կողմից թույլ տրված յուրաքանչյուր իրավախախտման և կոռուպցիայի յուրաքանչյուր դրսևորման դեպքի մասին: Նախագահը նաև նշել է, որ եթե ինքը տեղեկացվի միջադեպի մասին, իր մոտ է կանչելու օրինախախտ պաշտոնյային և իրավունքները ոտնահարված քաղաքացուն թույլ է տալու հարվածել պաշտոնյայի դեմքին:

2016-ին ընտրված Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն միշտ աչքի է ընկել օրինախախտների դեմ պայքարի կոշտ մեթոդների կիրառման դիրքորոշմամբ: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է թմրանյութերիի վաճառքի դեմ տարվող պայքարի` Ֆիլիպիններում կիրառվող մեթոդները: ՄԱԿ-ի մարդու իրավուքների հարցերով զբաղվող փորձագետները դատապարտել են ֆիլիպինյան իշխանությունների կողմից կիրառվող կոշտ մեթոդները` կոչ անելով խոչընդոտել սպանությունների համատարած դեպքերին և հրաժարվել լիարժեք դատական քննության չենթարկված կասկածյալների սպանության պրակտիկայից:

(Visited 40 times, 1 visits today)