ՖՈՏՈ. Ձմեռվա կեսին ստիպում էր ձյան վրա պառկել մեքենա սարքել․ Ով է այն կապիտանը, ում կասկածում են կացարանի հրդեհը կազմակերպելու մեջ. ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից զոհված Ռոստոմ Ասրյանի ծնողները համոզված են, որ տղաներին թունավորել են։

«Իրավունքի» հետ զրույցում զինվորի մայրը՝ տիկին Վարդը վստահ է երեխաները քնած են եղել, տղերքիս ողջ-ողջ այրել են․

-Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա։

Ռոստոմիս գտել սապոգները հագին պառկած է եղել, դա անհնար էր, որ էդ առողջ, զգոն տղերքը տեղներից չշարժվեին։ Տղերքիս քնեցրել են, ու այրել։ Հակառակ պարագայում մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան։

Ես վստահ եմ, որ եղելա կոնֆլիկտ, ինչ-որ մի չեղած կապիտան երեւի որոշել է տղերքիցս մուռ հանի։

Տղերքս մի ընտանիքի պես էին, իրենք չէին կարա իրար չփրկեին, եթե սթափ լինեին։

Ախր մենք գնացել ենք իրենց տեսել ենք, հնարավոր չի տղերքը չփրկվեին, հաստատ էրեխեքիս գլուխը կերել են։

-Տիկին Վարդ, ի՞նչ կոնֆլիկտ, ի՞նչ կապիտան։

Տղաս ասում էր, որ իրանց կապիտանը հաճախ է տղերքին նեղում, էրեխեքս ասում էր, որ մեզանից մի բան պետք էր լինում բարիանում էր, որ չէ, պահի տակ դառնում էր թարախի մեկը։ Էրեխեքին ստրուկի պես էր վերաբերում։ Տղաս ասում էր, ձմեռվա կեսին ստիպում էր ձյան վրա պառկել մեքենա սարքել, դրանից հետո էլ ասում դե դավայ՝ գնացիր կարուլի, ես եմ ասում, հանգստանալ բան չկա․․․Ես չգիտեմ ինչ են արել, բայց որ տղերքս չեն կարողացել իրենց փրկել, դա փաստ է․․․Ես չեմ հավատում պաշտոնական վարկածին, մեր էրեխեքին քնացրել են, ու իրենց սեւ գործը արել են, ով ուզում ա ինչ ուզում ա ասի, միակ ճիշտը գիտեն մեր տղերքը, ու մեկ էլ վերեւի Աստված։

-Երբեք խոսել վերջին անգամ դեպքի օրը Ռոստոմի հետ։

-Վերջին անգամ խոսել եմ ողբերգության օրը` ժամը 10-ին։ Հունվարի 10-ից սկսած տղաս ասում էր մի բան արեք ինձ ստեղից տեղափոխեք, ստեղ իմ համար վատ ա, լավ չի լինելու վերջը։ Բայց շատ չէր բացվում, ես ինչ իմանայի․․․

-Դուք եղե՞լ եք այդ կացարանում։

-Մի քանի անգամ եղել եմ․ տուն էր, ջուրն ու զուգարանը՝ դրսում։ Հիգիենան բացառվում էր։ Իրենք իրենց համար ճաշ էին եփում։ Փայտից հին տուն էր։ Եթե ուսով էլ բրթեիր, մի բան կջարդվեր։ Կարող է` ես մենակ չկարողանայի դուռը կոտրել, բայց մի քանի հոգով կկարողանային հաստատ։ Կամ ջուրը՝ դուռը բացում ես, երկու մետր այն կողմ կռանթն է։

(Visited 6 066 times, 1 visits today)