Մեքսիկայի նախագահն առաջարկել է աշխարհում սահմանել 5-ամյա «հրադադար» ու վերջ տալ պատերազմներին

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է աշխարհում սահմանել հնգամյա «հրադադար», որի ընթացքումոչ մի երկիր չի նպաստի առճակատումներին և պատերազմներին, գրում է Excelsior տեղական հրատարակությունը։

Պետության ղեկավարի խոսքով՝ աշխարհը վերջին շրջանում բախվել է բազմաթիվ ճգնաժամերի՝ համավարակ, ռազմական գործողություններ Ուկրաինայում, լարվածություն Թայվանի շուրջ, տնտեսական աճի դանդաղում, համաշխարհային գնաճ և այլն։ Նրանց դիմակայելու համար, ըստ Օբրադորի, «հրադադար» է պետք։

Մեքսիկայի ղեկավարը կոչ է արել «հրադադարի» ժամանակաշրջանի սկզբի մեկնակետ դիտարկել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ։

Մեքսիկայի նախագահի խոսքով՝ «հրադադարը» պետք է վերաբերի ինչպես սովորական, այնպես էլ առևտրային, տնտեսական պատերազմները։

«Խթանել արտադրողական գործունեությունը, ստեղծել աշխատատեղեր, հոգ տանել աղքատների մասին և ձգտել համագործակցության երկրների և ժողովուրդների միջև՝ հանուն զարգացման»,- նման գործողություններ է առաջարկել Մեքսիկայի նախագահը ի պատասխան համաշխարհային մարտահրավերների։

(Visited 664 times, 1 visits today)