Ո՞վ է Նարիմանովը, որին պետք է բարևի «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մակրտչյանը, հավատարիմ իր ռեպերտուարին, կրկին անցավ բարեկրթության սահմանները՝ ակնարկելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին:

Պատասխանելով հիշյալ պատգամավորի հնչեցրած «բառակույտին»՝ Միրզոյանն իր խոսքը եզրափակեց այսպես. «Կարող եմ խորհուրդ տալ՝ բարեւել Նարիմանովին»: Թարմացնելով ընթերցողի հիշողությունը՝ նշենք, որ «Նարիմանով» անունը հանրության շրջանում վերագրվում է Սերժ Սարգսանին: Այդ անունը հաճախ էր հոլովվում ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից, մասնավորապես, երբ խոսք էր բացվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործակալական անցյալի մասին: Մասնավորապես, երբ 2016 թ. ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, պատգամավորը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում էր այսպես՝ որպեսզի բացահայտվեն այսօր բարձր պաշտոն զբաղեցնող այն հայ գործիչները, որոնք ԽՍՀՄ ԿԳԲ-ի կազմում են եղել ու հակահայ քաղաքականություն են վարել: «Մեր հանրությունը պետք է իմանա, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, որը ցանկանում է այսօր հողեր հանձնել, ո՞ւմ գործակալն է, ում պատվերն է կատարում: Մենք կասկածում ենք, որ նա եղել է ԿԲԳ գործակալական ցանցի մեջ ներգրաված անձ, նույնիսկ նա մականուն է ունեցել՝ Նարիմանով»,- նշել էր Փոստանջյանը: Իհարկե, նախագիծն այդպես էլ օրենքի տեսք չստացավ, քանի որ հիշյալ հանձնաժողովում քվեարկության ժամանակ նախագծին կողմ արտահայտվեց միայն Փոստանջյանը: Բոլորը դեմ էին:

Նշենք նաեւ, որ Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կրկին շրջանառեց Սերժ Սարգսյանի գործակալական անցյալի մասին խոսակցությունը: Կուսակցությունը 2018 թվականին՝ հեղափոխությունից օրեր առաջ, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին եւ ՀՔԾ-ին հանցագործության մասին հաղորդում էր հղել՝ «Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման վերաբերյալ»: Հաղորդման մեջ նախկին պատգամավորը, Երեւանի ավագանու համանուն խմբակցության ղեկավարը մասնավորապես նշել էր. «Սովետական Միության տարիներին Սերժ Ազատի Սարգսյանը, լինելով ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ և հայատյաց Բորիս Կևորկովի (ԼՂԻՄ-ի վերջին ղեկավարի) օգնականը, ներգրավված է եղել Բաքվի հայատյաց ծրագրերի մեջ: Սերժ Ազատի Սարգսյանը սովորել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում»: Այս տեսակ անձանց, որպես կանոն, հավաքագրել են Բաքվի այդ դպրոցից, որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվել են ԼՂԻՄ կուսակցական վերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ: Սերժ Սարգսյանի հետ աշխատած մարդիկ հայտնում են, որ նա «Նարիմանով» մականունը ձեռք է բերել հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից»: Հաղորդման մեջ նշվում է նաեւ. «Արցախի հարցը դեռ 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանովի» նման գործակալները Բաքվի կողմից հատուկ ներդրվում էին, որպեսզի Արցախի հարցը բարձրացնողներին հայտնաբերեն և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրեր փոխանցեն։ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի) գործակալ և նրա «Նարիմանով» մականվան փաստի վերաբերյալ հրապարակավ հայտարարություն է արել նաև ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատենք, իր հրապարակային ելութներից մեկում /8.12.2007 թ./ գործածել էր «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմ» եւ «Կեւորկովի օգնական» ձեւակերպումները՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սրագսյանին:

Ի դեպ, իր՝ Կեւորկովի օգնական լինել-չլինելու հարցը Ս.Սարգսյանը պարզաբանել էր 2013 թ-ին, մասնավորապես նշելով. «Ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել»: Իսկ ահա Նարիմանով մականվան վերաբերյալ, որքան տեղյակ ենք, Սերժ Սարգսյանը կամ նրա շրջապատի մարդիկ երբեւէ պարզաբանում չեն տվել:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի կենսագրականում տեղ գտած անճշտություններին ու սրբագրումներին, այդ թվում Կեւորկովի օգնականը լինելու դրվագին, ժամանակին անդրադարձել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նրա հեղինակած նյութը՝ այս հղումով:

(Visited 16 373 times, 1 visits today)