Ապրիլյան պատերազմի տարելիցին սալյուտ խփողները լծվել են ՀՀ-ում անցկացվող մանկական «Եվրատեսիլի» միջոցառումը հարամելու գործին

Մանկական «Եվրատեսիլ» մրցույթն ըստ պատշաճի կազմակերպելու և անցկացնելու հանգամանքը, մեղմ ասած, անառողջ կրքեր է բորբոքել հասարակության և ընդդիմության որոշ ներկայացուցիչների շրջանում, ընդհուպ՝ առիթ դարձել ՀՀ իշխանությանը սրբապղծության, հանուն հայրենիքի զոհված հայորդիների հարազատների սուգը չհարգելու, ֆինանսները բանակին ուղղելու փոխարեն տաշի-տուշիի վրա մսխելու, մի խոսքով՝ «ժանտախտի ժամին խրախճանք» կազմակերպելու մեջ։

ԿԳ նախկին նախարար, երգարվեստի հետ եթե ոչ սերտ առնչություն ունեցող՝ երգահան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում կողք կողքի զետեղել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Եվրատեսիլի բացման արարողության և Եռաբլուրի կադրերը և վուլգար ոճում շարադրված «նախաբանից» հետո ծոր տվել. «Ուրախանալ կարելի է։ Ուրանալ՝ ոչ։ Ապրել պետք է։ Ապերախտանալ՝ ոչ։ Նշել կարելի է։ Նշաձող իջեցնել՝ ոչ։ Ազգ-Բուդ, թե՞ գոնե պարզապես ԱԶԳ…»։

Գիտեինք, որ Աշոտյանի համար «Եռաբլուր» պանթեոնը շահարկելը դարձել է իր քաղաքական կենսակերպի կարևոր մասը, բայց որ նա նաև ռասիստ է և հայ ժողովրդին կարող է դասակարգել ըստ «Ազգ-Բուդ» և «պարզապես ԱԶԳ» «ռասայական խմբերում»՝ բացահայտում էր մեզ համար։ Եվրատեսիլի միջոցառումը վայելած բազմությունը, ըստ Աշոտյանի, «դասակարգման աղյուսակի», փաստորեն, «Ազգ-Բուդ»-ն է, որին, Աշոտյանի պատկերացմամբ, հուզում են ուտելն ու ուրախանալը։ Իսկ սգալն ու վշտանալը, սրտակեղեք ստատուսներ գրել ու դրանք գերեզմանների նկարներով «զարդարելը», փաստորեն, «մեծատառով» ազգի՝ Աշոտյանի և նրա պես «ճշմարիտ» հայրենասերների մենաշնորհն է։ Ինչպես ասում են՝ ասվածն անչափ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբալի չլիներ։

Ի դեպ, Եռաբլուրով ներշնչվող Աշոտյանին մի հարց ենք ուզում հղել. երբ Ապրիլյան քառօրյայից մի քանի ամիս անց՝ հուլիսին, իր՝ «Ես սիրում եմ» երգի (հետաձգված) շնորհանդեսն էր կազմակերպում «փուչիկ Կարենի»՝ Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» միջոցներով, արդյոք «նշո՞ւմ» էր, թե՞վիշտը հարգելու ընդունված «նշաձողն» էր իջեցնում, ուրախանո՞ւմ էր երգը կատարած Անչոկի ելույթով, թե՞ ուրախանալով ուրանում էր երկու ամիս առաջ զոհված հայորդիների հիշատակը։

«Բար Կարոլա»-ում տեղի ունեցած այդ շնորհանդեսին մասնակցած մարդիկ «ազգ-բուդ» կատեգորիայի՞ն էին դասվում, թե՞ մեծատառով ազգի։ Ի դեպ, երեկոյի ընթացքում Աշոտյանը խոսել էր նաև զինամթերքի մասին, բայց՝ ոչ թե Քառօրյայի միջով անցած բանակին մատակարարվելիք, այլ իր «ստեղծագործական արկղերում» պահվող զինամթերքի՝ խոստանալով «պարբերաբար ուրախացնել հանդիսատեսին»:

Չմոռանանք նշել, որ երեկոյի ընթացքում բաժանված սկավառակների վրա լայն ժպտացող Աշոտյանի և նրա երգը կատարողի համատեղ լուսանկարն էր, որը պատկերված էր նաև տոնի և ուրախության մեկ այլ ատրիբուտի՝ տորթի վրա։

ՀՀԿ փոխնախագահը այս հիշեցումից հետո վստահաբար իրեն հատուկ ոճով առարկելու է՝ նորից հղում անելով Եռաբլուրին, զոհերին, վերջիններիս թվին, «Սերժի օրոք» և «Նիկոլի օրոք» տեղի ունեցած պատերազմների մասշտաբների տարբերությանը, կորուստներին… Մի խոսքով, «վշտի թեմայով» այս «դեբատում» «կրելու» է մեզ, քանի որ լավ պատրաստված փորձագետ է։

Վերադառնալով այս տարվա Եվրատեսիլին՝ նշենք, որ այն ՀՀ-ում է տեղի ունենում, քանի որ նախորդ տարի տեղի ունեցած մրցույթում մեր երկիրը ներկայացրած պատվիրակը՝ Մալենան, հաղթել է։ Եվ ըստ մրցույթի կանոնների՝ միջոցառումը կազմակերպվել է հաղթած երկրում։ Նկատենք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ պետք էր ուրախանալ մեր երկրի հաջողությամբ, որոշ պսևդոհայրենասերներ որոշեցին քաղաքականացնել այն ու բառիս բուն իմաստվ հարամել հաղթանակի բերկրանքը։ Նախ՝ թիրախավորեցին հաղթած, իր հաղթանակը «Հայաստանին և հայերին» նվիրած երեխային և անարգանքի սյունին գամեցին այն բանի համար, որ նա ողջագուրվել էր իրեն շնորհավորած ադրբեջանցի պատվիրակի հետ։ «Ես իր դեմ ոչ մի թշնամանք չունեմ, որովհետև ինքն էլ իմ պես աղջիկ է»,- իր արարքն այսպես էր մեկնաբանել երեխան, ինչից հետո նրա երկրի որոշ մեծահասակներ ֆեյսբուքյան գռեհիկ արշավ սկսեցին՝ ամեն մեկն ըստ իր «կարդացածության ու փչացածության» մակարդակի։

«Էս Եվրատեսիլի հաղթանակը արդեն հանձնածի համար տվի՞ն, թե՞ էլի բան կա տալու»,- գրել էր «Փիղ» մականունով Տիգրան Քոչարյանը, որն, ի դեպ, Լազարևյան ակումբում վերջերս տեղի ունեցած հավաքի ժամանակ ակումբի համահիմնադիր Կ. Զատուլինին էր «հանձնել» «հակառուս» հայ գործիչների ցուցակը։ Պարոնն, ի դեպ, վերջերս իր էջում էր զետեղել Հանրապետության հրապարակի տոնական լուսավորմամբ լուսանկարն ու կից գրել. «Քրդևան դարձած իմ էրեբունի»։ Գեղագիտական ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա։

Մեկ այլ ընդդիմադիր փորձագետ, ավելի ճիշտ՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ այսպես էր գուժել. «Հայերի օպտիմիզմը. հրավիրել մի տարուց եվրոպացիներին Երևան էն հույսով, որ եթե մինչև էդ հանձնեն, Գյումրիում կանենք եվրատեսիլը»։

Հայհոյախոս, մի քիչ էլ ներվային մեկ այլ ընդդիմադիր պրոպագանդիստ՝ Աննա Աբրահամյանն էլ տվել-անցել էր բոլորին. «ԵՄ-Ձեզ մանկական եվրատեսիլի հաղթանակ տանք, դուք թուրքին Արցախ, Սյունիք, Գեղարքունիք և առհասարակ Հայաստանը։

Հայեր-YEEEESSSS!!!!»: Տիկինն, ի դեպ, իր գրառումը զետեղել էր «օչխրստան» հեշթեգի տակ։ Ինչ խոսք, վերին աստիճանի դաստիարակված կին է։

Ի դեպ, երեկ էլ ԱԺ ամբիոնից էին հնչում հակաեվրատեսիլյան նույնաոճ մորմոքներ՝ այս անգամ ընդդիմադիր որոշ պատգամավորների կատարմամբ։ «Հայաստան» խմբակցության անդամ, սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանն, օրինակ, իշխանությանն առաջարկեց «անջատվել եվրատեսիլյան լույսերից ու տոնածառից», նույն խմբակցության մեկ այլ ողբերգակ էլ՝ Անդրանիկ Թևանյանը, սիրտն այսպես դատարկեց. «Ադրբեջանը զենք է գնում և պատրաստվում մեր դեմ հարձակման, իսկ ՀՀ իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում՝ հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար»։

Իսկ ահա Լիլիթ Գալստյանի ելույթը եղերգության դասական նմուշ էր․ «Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական հուշարձանը սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր: Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը»:

Այս դեպքում ևս ստիպված ենք կրկնել այն, ինչն Աշոտյանի մտքի մորմոքների դեպքում նշեցինք. ասվածն անչափ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբալի չլիներ։ Հետն էլ՝ նողկալի։

(Visited 72 times, 1 visits today)