Ադրբեջանցին ներողություն է խնդրել հայ մարզիկից

Ադրբեջանցի ըմբիշ Ռախիմ Հասանովը, ով ծեծկռտուքից հետո հարվածել էր հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանին, ներողություն է խնդրել. այդ մասին ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

 

 

Այն բանից հետո, երբ Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն, Հասանովը հարվածել էր Մանվելյանի դեմքին և որակազրկվել։

Բաբալարյանը պատմել է դեպքի մանրամասները: Նրա խոսքով՝ մենամարտից հետո ադրբեջանցի մարզիկը չի սեղմել Կարապետյանի կողմից իրեն մեկնած ձեռքը և հարվածել է իրեն, որից հետո գնացել է մարզչի մոտ, սակայն վերջինս ստիպել է մոտենալ հայ ըմբիշին և սեղմել նրա ձեռքը։

 

«Հետագայում՝ որակազրկումից հետո, Հասանովն ու իր մարզիչները մոտեցան մեզ և ներողություն խնդրեցին։ Այդպիսով միջադեպը հարթվել է»,- ասել է Բաբալարյանը։

Հայաստանի հավաքականի մարզիչը խոսել է նաեւ մարտի 13-19-ը կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականի ելույթի արդյունքների մասին։ Նրա խոսքով, Հայաստանը բոլոր քաշային կարգերում ներկայացրել է 10 ըմբիշ։

Թիմը թիմային հաշվարկում գրավեց հինգերորդ տեղը՝ մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալներով։

(Visited 153 times, 1 visits today)