«Համոզված եմ, հայի միջի քնած առյուծն արթանանալու է, և հաղթելու է:Ասել եմ՝ մեկդ վախվիշ արեց, կողքս չտեսնեմ։ Տեսնու՞մ եք ինձ, ձեզանից ո՞ր մեկը երեք տղա ունի պատերազմի դաշտում»․ Արցախցի մանկավարժը

Ավելի քան երկու տարի առաջ Արցախի Շուշի քաղաքից Երևան տեղափոխված մանկավարժ Լիդա Մկրտչյանը ավելի քան մեկուկես ամիս տևած արցախյան բլոկադայի ֆոնին կոչ է անում ոչ թե հուսահատվել ու ընկճվել, այլ ավելի համախմբվել, ամրանալ հավատքի մեջ։

63-ամյա Լիդա Մկրտչյանը Շուշի քաղաքում է թողել շեն տուն ու տնտեսություն, սիրելի աշխատանք՝ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, ողջ կյանքի ընթացքում իր ու զավակների ստեղծած բարիքն ու իր սիրելի հերոսներից մեկի՝ Մամբրե Արքայի նման, բռնել գաղթի ճամփան։ Վստահ է՝ ժամանակավոր է։ Չնայած դժվարություններին՝ Լիդան չի հուսահատվել։

Լիդան լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ սկսեցին լսվել արկերի ձայները․ «Կիրակի առավոտ կանուխ գնում էինք եկեղեցի․ երեք որդիներս շապիկ էին հագնում, Սուրբ պատարագին մասնակցում որպես սպասավորներ։ Ես ու ամուսինս էլ որպես ծխի անդամներ պարտադիր այնտեղ պիտի լինեինք։ Այդ օրը սովորականի պես պատրաստվում էինք։ Ես էլ մաքրություն էի անում, որ ամեն ինչ պատրաստ լինի, որովհետև սովորաբար այդ օրը եկեղեցուց հյուր էր գալիս մեր տուն։ Իմ սենյակի պատուհանից նկատեցի, որ հակաօդային պաշտպանության գնդի կողմից արկերի ձայներ լսվեցին․ ահռելի թնդյուն էր։ Շտապեցի բաղնիքի կողմ, ուր ամուսինս լոգանք էր ընդունում․ ասում եմ՝ այ տղա, շուտ դուրս արի, կռիվ է սկսվել։ Ինքն էլ թե՝ ի՞նչ ես խոսում, է՛։ Ես էլ թե՝ քեզ լուրջ բան եմ ասում։

Տղաներս էլ վեր էին կացել, եկել։ Հիմա մտածում ենք՝ դեպի եկեղեցի շտապենք, բայց ճանապարհին տեսանք, որ քաղաքացիները հավաքվել են մշակույթի պալատի շենքի մոտ։ Խորհրդակցեցին, որոշեցինք պատսպարվել նկուղում։ Բայց երբ ինտենսիվ կրակոցները մի քիչ հանդարտվեցին, նորից եկանք տները՝ հավաքվելու։ Դրանից հետո մտածում ենք՝ կռիվ է սկսվել, ով՝ ինչ պետք է անի․ իմացանք, որ հակաօդային պաշտպանության ինչքան պահեստ կար շուրջբոլորը, բոլորը ոչնչացված էին՝ կետային հարվածներով։

Տղաներիս ասացի՝ հիմա ի՞նչ ենք անելու։ Ասացին՝ դե ինչ պետք է՝ անենք, պիտի գնանք, կամավորագրվենք։ Գնացին։ Ես էլ հետևներից որոշեցի տանը եղած տաք-տաք հագուստները՝ բուշլատները տանել․ ցուրտ կլինի, գոնե ամեն մեկը մի բուշլատ ունենար․ ով էր իրենց այնտեղ տալու։ Մինչև հետևներից հասա, մեկն արդեն գնացել էր։ Էն երկուսին տվեցի, էն մեկը առանց տաք հագուստի գնաց։ Չսպասեց։ Մեկին տարան Հայկազով, այդտեղ հրետանավորներն էին, իսկ երկուսին տարան Մատաղիս»։

(Visited 79 times, 1 visits today)