«Թշնամին տղայիս գրպանից հանել էր հեռախոսը, զանգել․ Ես ձեն տվեցի՝ Կարո՜, Կարո՜, հայհոյական ասեց՝ սպանել ա»․ Արցունքն աչքերին տեսեք՝ ինչ է պատմում հերոս Կարոյի մայրը

Կարապետ Հարությունյանը ծնվել է և այժմ էլ հանգչում է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ Նրա մայրը՝ 40-ամյա Գայանե Հարությունյանը խոր ցավով է հիշում սեպտեմբերի 28-ին որդու հեռախոսահամարից ստացված զանգը։ Ասում է՝ ուրախ վերցրեց հեռախոսը, որ որդու հետ խոսի և անակնկալի եկավ:

«Թուրքը տղայիս գրպանից հանել էր հեռախոսը ու զանգել, ես ձեն տվեցի՝ Կարո՜, Կարո՜, ռուսերեն ինձ հարցրեց՝ ո՞վ ա, ասեցի` իմ տղան ա, հայհոյական խոսքով ասեց, որ սպանել ա»,- վերհիշում է ու հուզվում մայրը։

Գայանեի որդին՝ 19-ամյա Կարապետ Հարությունյանը, 13 ամսվա ժամկետային զինծառայող էր, սերժանտ, դիրքի ավագ։ Քարվաճառում է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։

Մայրն ասում է՝ որդու մարտական ընկերներից պատմել են, որ սեպտեմբերի 28-ին Կարապետը դիրքերում է եղել, 20 ժամ թեժ մարտեր մղել։

«Հետո տեսել ա, որ կապիտանին խփել են, ուզել ա գնա, գտնի դիակը, փրկի, էնտեղից բերի, ման ա եկել, ու իրան էլ են խփել»,- կսկիծով ասում է մայրը։

Գայանեն ասում է՝ թուրքի զանգից հետո, այնուամենայնիվ, հույս ունեին, որ սուտ է, չէին հավատում․ «Մինչև ամսի 30-ին հաստատ իմացանք։ Հոկտեմբերի 1-ին իրա մարմինը հանել են, 3-ին տվել են մեզ, հոկտեմբերի 5-ին հուղարկավորել եք»,- ասում է հերոսածին մայրը։

Մայրը պատմում է, որ հաճախ է այցելում որդու շիրմին, խոսում նրա հետ, փորձում մեղմել կարոտը, բայց չի ստացվում․

«Խոսում եմ, ասում եմ՝ ուզում եմ, որ գաս։ Ահավոր ա ցավը, փորձում ենք հաղթահարել, բայց չի ստացվում, սա կյանք ա առանց կյանքի, շնչում ես՝ առանց թթվածնի»։

(Visited 3 518 times, 1 visits today)