Ում են պատկանում Պապիկյանին և Միրզոյանին վերագրվող առանձնատները

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվեցին առանձնատների նկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ըստ օգտատերերի՝ նկարում ձախ կողմում պատկերված առանձնատունը պատկանում է Սուրեն Պապիկյանին, իսկ աջ հատվածի տունը՝ Արարատ Միրզոյանին։

Հրապարկման տարածումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել էր Սուրեն Պապիկյանի կապը այդ առանձնատներից որևէ մեկի հետ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, որոշեց Կադաստրի կոմիտեից ձեռք բերել այս առանձնատների կադաստրային գործերը՝ ստուգելու դրանց պատկանելությունը։

Նախ տեղորոշեցինք երկու առանձնատները։ Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։

Ինչպես տեղեկանում ենք կադաստրային փաստաթղթերից, այս առանձնատան նախագծման աշխատանքները սկսվել են 2016-ից։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։

Նա այս հասցեներում գտնվող տարածքը ձեռք է բերել 2013-ին։ Դրանց նկատմամբ Մինասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2016-ին։


Կադաստրի տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս առանձնատան սեփականատերերի կազմում փոփոխություն չի եղել առնվազն 2016-ից, և այն մինչ օրս պատկանում է Վահե Պետրոսի Մինասյանին։

Արարատ Միրզոյանին վերագրվող առանձնատունն էլ, պարզվեց, Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մուշ փողոցի թիվ 63-65 հասցեում է։ Այս հասցեի կադաստրային փաստաթղթերը փաստում են, որ առանձնատունը պատկանում է Քաջարանի բնակիչ Արամ Աշոտի Մարգարյանին։ Վերջինիս իրավունքն այս հասցեների նկատմամբ գրանցվել է 2018-ի հոկտեմբերին։ Տարածքում կառուցապատման աշխատանքներ սկսվել են դեռ 2015-ին։ Այս առանձնատունը վերջին տարիներին չի հանվել վաճառքի և, ըստ փաստաղթերի, շարունակում է պատկանել Արամ Մարգարյանին։

(Visited 274 times, 1 visits today)