Պելեն ու հայերը, հայեր ովքեր առնչություն են ունեցել ֆուտբոլի Արքայի հետ

82 տարեկանում կյանքից հեռացած Պելեն երբեք անմիջական առնչություն չի ունեցել հայկական ֆուտբոլի հետ: Սակայն կարիերայի ընթացքում լեգենդար բրազիլացին հանդիպել է հայ ֆուտբոլիստների ու ֆուտբոլային գործիչների, որոնք առնչվել են Էդսոն Արանտես դո Նասիմենտոյի հետ, դարձել մրցակից, ընկեր կամ էլ պարզապես ստացել են անմոռանալի հիշողություններ աշխարհի եռակի չեմպիոնի հետ հանդիպումից:

1. Պելեն կարիերայում երեք անգամ է հանդիպել ԽՍՀՄ հավաքականի հետ, մեկը՝ 1958թ. աշխարհի առաջնությունում, մյուս երկուսը՝ 1965 թվականին (ընկերական խաղեր): ԽՍՀՄ հավաքականին միայն դրանցից վերջինում է հաջողվել ոչ-ոքի կորզել:

 

1958 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում խաղում էր լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Բրազիլիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով, իսկ Պելեն իր առաջին խաղն անցկացրեց աշխարհի առաջնություններում: Հետագայում Պելեն ու Սիմոնյանը առիթներ են ունեցել հանդիպելու և հիշելու այդ խաղը: Մասնավորապես, նման հանդիպումներից մեկի ժամանակ Պելեն ներողություն է խնդրել այդ խաղում հաղթելու համար: 60 տարի անց նախկին մրցակիցները ևս մեկ անգամ հանդիպեցին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ընթացքում: Սիմոնյանը պատմում էր, որ Պելեն հիշել է՝ ինչպես է Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվողը նահանջում սեփական տուգանային հրապարակ և վնասվածք հասցնում իրեն:

 

2. Կարիերայի մայրամուտին Պելեն տեղափոխվեց ԱՄՆ, «Նյու Յորք Կոսմոսում» խաղաց 1975-1977-ին: Այդ տարիներին NASL-ում էին ելույթ ունենում հայ ֆուտբոլիստներ Եփրեմ Ներսեպյանն ու Ջերի Կազարյանը, սակայն նրանց բախտ չվիճակվեց խաղադաշտ դուրս գալ Ֆուտբոլի արքայի դեմ: Պելեի կարիերայի ավարտից մեկ տարի անց «Նյու Յորք Կոսմոսը» ձեռք բերեց իրանական ֆուտբոլի լեգենդ Անդրանիկ Էսկանդարյանին: «Կոսմոսը» նրա տեղափոխությունից հետո շրջագայության մեկնեց Հարավային Ամերիկա՝ Կոլումբիա, Էկվադոր, Բրազիլիա, Բոլիվիա, Պարագվայ։ Թեև Պելեն ավարտել էր կարիերան, բայց ակումբի հետ մեկնել էր և մասնակցել մի քանի հանդիպումների: «Էսկին» մասնակցեց Պելեի հրաժեշտի խաղին (լուսանկարում՝ Պելեից ձախ Անդրանիկ Էսկանդարյանն է):

 

«Այդ ճանապարհորդությունից մնացած ամենամեծ հիշողությունը Սանթոսում Պելեի տանը գիշերելն էր: Գեղեցիկ տուն էր, կարծես թանգարան լիներ: Քայլում ես, տեսնում բոլոր նվաճած մրցանակները… Տեսածս ամենատպավորիչ տեսարաններից էր: Նա հրաշալի անձնավորություն է: Նույնիսկ հիմա, երբ հանդիպում եմ, նա գրկում ու համբուրում է: Նրա մեջ չկա ոչ մի կեղծավորություն: Այդ պատճառով էլ բոլորը սիրում են նրան»,- հետագայում հիշում էր Էսկանդարյանը:

3. Էֆրաին (Եփրեմ) «Չիկո» Չակուրյանն անջնջելի հետք է թողել ամերիկյան ֆուբտոլի պատմության մեջ: Արգենտինայի հայ գաղթականների ընտանիքում ծնված Չակուրյանը երկար տարիներ խաղացել է արգենտինական «Ռասինգում», իսկ 1947-ին տեղափոխվել է «Նյու Յորք», որտեղ խաղացել է տեղի հայկական թիմում, հետո էլ վերսկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան՝ խաղալով «Բրուքլին Իսպանոյում», «Նյու Յորք Սվիսում» և «Բրիջփորթ Սիթիում», ելույթ է ունեցել նաև ԱՄՆ հավաքականում: Նրա անունը գրված է ամերիկյան ֆուտբոլի Փառքի սրահում: Կարիերայի ավարտից հետո Չակուրյանն անցել է մարզչական և ադմինիստրատիվ աշխատանքների: Իր գործունեության ընթացքում նա մի քանի անգամ առիթ է ունեցել հանդիպել, նույնիսկ՝ ֆուտբոլ խաղալ լեգենդար Պելեի հետ: Նույնիսկ 90 տարեկանում Չիկոն շարունակել է ավելի երիտասարդ ընկերների հետ ֆուտբոլ խաղալ ու իրեն միշտ գերազանց մարզավիճակում է պահել:

 

«Երբ խոսում ենք այն մասին, թե ում հետ է «Չիկոն» ֆուտբոլ խաղացել, նա երբեք չի պարծենում: Պատկերացնում եք, նա խաղացել է Պելեի հետ, ու դա նրա համար զվարճալի է: Խոսում ենք ֆուտբոլից, հայտնի ֆուտբոլիստներից, ու «Չիկոն» բոլորին անձամբ ճանաչում է»,- պատմում էր Չակուրյանի վաղեմի ընկեր Թիմ Չեպետելին:

4. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը Պելեի մահից հետո սոցցանցերում տեղադրեց բրազիլացու հետ գրկախառնված լուսանկար: Այդ ժամանակ Վարդանյանը խաղում էր շվեյցարական «Սերվետում», որի սեփականատեր Մարկ Ռոժեն Պելեի ու Մարադոնայի ընկերն էր: 2004-ի ապրիլին Ռոժեն հրավիրում է բրազիլացուն ու արգենտինացուն Շվեյցարիա՝ ներկա գտնվելու «Սերվետ» — «Յանգ Բոյզ» հանդիպմանը: Մարադոնան վատառողջ է լինում, իսկ ահա Պելեն մեծ հաճույքով արձագանքում է հրավերին, լուսանկարվում թիմերի հետ, զրուցում ֆուտբոլիստների հետ: Ռոժեն երազում էր, որ Պելեն ու Մարադոնան ակումբի ղեկավար կազմում ընդգրկվեն, սակայն նրա այդ ցանկությունը չկատարվեց: Փոխարենը ֆուտբոլիստներն անմոռանալի հիշողություններ ու լուսանկարներ ստացան:

 

 

5. Վերջին լուսանկարում Պելեն միայնակ է: Սա լեգենդար հարձակվողի ամենահայտնի լուսանկարներից մեկն է՝ «Սանթոսի» համազգեստով: Իսկ լուսանկարի հեղինակը հայ լուսանկարիչ Սարգիս Դալլաքյանն է: Դալլաքյանը ծնվել է 1913-ին Վանաձորում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, իսկ դրա ավարտից հետո հաստատվել է Բեռլինում, աշխատել կոշկակար, 1950-ին գաղթել է Բրազիլիա, որտեղ սկսել է զբաղվել իր սիրած գործով՝ լուսանկարչությամբ: Ֆուտբոլի նկատմամբ կիրքը Դալլաքյանին տարել է Սան Պաուլոյի ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղ նա սկսել է աշխատել որպես լուսանկարիչ: Սարգիսը բրազիլացի շատ հանրաճանաչ ֆուտբոլիստների է լուսանկարել, իսկ Պելեի այս լուսանկարը դարձել է իր ամենահայտնի կադրերից մեկը:

 

(Visited 399 times, 1 visits today)