Քոչարյանի «Հայաստան» դաշինքի 29-պատգամավորից 5-6-ը՝ մեղադրյալ․ պատգամավորական անձեռնմխելիությունը նրանց չի կարող փրկել

Չնայած Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անդամները հայտարարել են, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն դաշինքը պետք է հստակեցնի մանդատների հարցը՝ ով է գնում Ազգային ժողով, ով՝ ոչ, մեզ հասած տեղեկություններով, դաշինքում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն արդեն փակված է։

Ըստ այդ տեղեկությունների՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան — ՀՅԴ բանակցությունների ժամանակ ՀՅԴ-ն շատ չոր է դրել հարցը և ասել, որ իրենք վերցնում են մանդատները ու գնում են Ազգային ժողով, քանի որ իրենք այլընտրանք չեն տեսնում։ ՀՅԴ-ականները Վիկտոր Սողոմոնյանին բացատրել են, որ մանդատներ չվերցնելու այլընտրանքը փողոցային պայքարն է, ինչում իրենք արդեն ձախողվել են։ Հետևաբար ոչ մի պարագայում չեն հրաժարվի մանդատներից։

Մանդատից չի ցանկանում հրաժարվել նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ բացի պատգամավորական անձեռնմխելիությունից, դա իրեն նաև վերահսկողություն է տալիս 29 հոգանոց խմբակցության վրա, որը իր պատգամավոր չլինելու պարագայում անհնար կլինի, քանի որ խմբակցությունը բաղկացած է տարբեր շահեր հետապնդող ուժերից ու կուսացությունների ղեկավարներից։

Այնպես որ՝ մանդատներ կվերցնեն թերևս բոլորը։ Ընդ որում՝ մանդատներ վերցնելու ձգտումը բոլորի մոտ այնքան ուժեղ է, որ ցուցակի առաջին 29 հոգուց ոչ ոք չի ցանկանում իր տեղը զիջել որդեկորույս Գեղամ Նազարյանին։

Ուշագրավ է, որ այս պահի դրությամբ բոլորը վերցնում են իրենց մանդատները, ապա 29 պատգամավորներից 5-6-ը անցնում են քրեական գործերով։

Առաջինը՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն է, որը,  ինչպես հայտնի է, մեղադրվում է կաշառքի գործով։ Ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք։

Նույն գործով անցնում է նաև «Հայաստան» դաշինքի ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։ Գևորգյանը բացի այս գործը, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում) [Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով]։

Ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործից զատ մեղադրվում է նաև «ՁորաՀԷԿ»-ի գործով։ Քննությունը պարզել է, որ տարիներ առաջ Լոռու մարզում գտնվող պետական սեփականություն հանդիսացող խոշոր հիդրոէլեկտրակայանը կասկածելի գործարքի արդյունքում շուկայականից 3 միլիոն դոլար պակաս գնով, օտարվել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին։ Օտարման գործով 5 մեղադրյալ է անցնում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրա տեղակալը և հանձնաժողովի երկու անդամներ։

«Հայաստան» դաշինքի մյուս մեղադրյալ-պատգամավորը Մխիթար Զաքարյանն է՝ Մեղրիի արդեն  նախկին քաղաքապետը։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր` այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը)։

Ցուցակի 20-րդ համարը մեղադրյալ պատգամավորը Իզմիրլյան ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։ Նա էլ, ինչպես հայտնի է, մեղադրվում է իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրելու, պարտադրելու մեջ, որպեսզի  մասնակցեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։

Ցուցակի 22-րդ համարը՝ Դավիթ Սեդրակյանը, ով Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին է, ևս անցնում էր քրեական գործով, որը վերաբերում էր Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստին:

Ի դեպ, վերջին շրջանում կարծիքներ են շրջանառվում, որ որոշ քրեական գործերի քննությունը պետք է կասեցվի, քանի որ քննությունը բախվելու է պատգամավորական անձեռնմխելիության խոչընդոտի հետ։ Իսկ գլխավոր դատախազությունը չի կարող մտնել Ազգային ժողով և պահանջել զրկել այս կամ այն պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ գործ ունենք արդեն նախապես հարուցված քրեական գործի հետ։

Այս թեզը առաջ է քաշել Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը կաշառքի գործով դատական նիստը հետաձգեց մեկ ամսով՝ հայտարարելով, որ Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիությամբ պայմանավորված անհաղթահարելի խոչընդոտներ են ի հայտ եկել քննությունը շարունակելու մասով։

Փաստաբանները, սակայն, պնդում են, որ պատգամավորական անձեռմխելիությունն  այս դեպքում խոչընդոտ չէ քրեական գործերի քննությունը, կամ դատավարությունը շարունակելու համար, քանի որ այդ հանցավոր արարքները նրանց կողմից կատարվել են այն ժամանակ, երբ նրանք դեռ պատգամավոր չէին։

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ մինչև պատգամավորի երդումը որևէ անձ պատգամավորի կարգավիճակ դեռևս ձեռք չի բերում։ Այսինքն ներկայումս ոչ ոք դեռևս պատգամավորական կարգավիճակ չունի և նրանց անձեռնմխելիության հարցը մնում է ԿԸՀ-ի տիրույթում․«Պատգամավորի թեկնածուները ևս որոշակի անձեռնմխելիությունից են օգտվում և նրանց նկատմամբ քերական հետապնդման, նրանց ազատությունից զրկելու պարագայում թույլտվությունը տալիս է ԿԸՀ-ն՝ ինչպես Չարչյանի, Մխիթար Զաքարյանի դեպքում և այլն։ Մինչև ԱԺ անդրանիկ նիստն, այդ անձիք օգտվում են ոչ թե պատգամավորի, այլ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից»,-ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ եթե դրանից հետո քրեական հետապնդման հարց կառաջանա, ապա թույլտվությունը պետք է տա Ազգային ժողովը, իսկ նախկինում  հարուցված քրեական գործերի դեպքում ԱԺ-ից նոր համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, պատգամավոր դառնալուց հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը։

«Մինչև պատգամավոր դառնալը նրանց նկատմամբ քրեադատավարական միջոցների ձեռնարկումը այդ արտոնության տակ չի մտնում։

Եթե քրեական գործը հարուցվել է նախքան վերջինիս պատգամավոր դառնալը, ապա նա սովորական ընթացակարգով անցնում է քրեական վարույթով և ԱԺ-ի կրկնակի համաձայնության անհրաժեշտությունը չկա։ Իսկ Քոչարյանի գործի դեպքում ակնհայտ է, որ դատավոր Դանիբեկյանն ունի կանխակալ վերաբերմունք։ Նրա սուբյեկտիվիզմն անցնում է արդեն օրինականության սահմանը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Խալաթյանի դիտարկմամբ՝ այս դեպքում էլ գործ ունենք «Հայաստան» դաշինքի կողմից օրենքի սխալ, մանիպուլիատիվ մեկնաբանման հետ, որը բավական անհաջող կերպով արվում է ամեն գնով ժողովրդի աչքում քաղաքական հալածյալ երևալու համար։ Մի բան, մեր զրուցակի խոսքով, միանշանակ է, բոլորը, անկախ նրանից, որ  պատգամավոր են, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե դատարանը նրանց մեղավոր կճանաչի ու նրանց մեղքը կապացուցվի։

(Visited 74 times, 1 visits today)