Ուրեմն այս երկրի ամենամեծ իրավախախտը Ծառուկյա՞նն էր, ամոթ է, գետինը մտնի ինքը, վերջին պահին թող իր պատիվը հավաքի ու ի շահ Հայաստանի գործի. Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին

Գործող իշխանությունը ակնհայտորեն ահաբեկված է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունից, հասարակական վստահության քվեից, և դրա համար ինչ-որ արշավ է սկսվել նրա դեմ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ հարուցելուն։

Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ԲՀԿ առաջնորդը հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստում քննադատել էր իշխանություններին և նշել, որ կառավարության կազմի 100%-ը պետք է փոխվի։

«Ուղղակի ամոթ է, իրենք շարունակում են խայտառակել Հայաստանի միջազգային հեղինակությունը, դրա համար էլ Ծառուկյանի նկատմամբ նման հետապնդումների մթնոլորտում որևէ ներդրող Հայաստան չի գալու և ներդրում չի անելու, այդ իսկ պատճատով էլ, իրենք շեշտը դրել են քաղաքացիներին տուգանելու շնորհիվ պետական բյուջեն համալրելուն։ Բայց դա ճիշտ չէ։ Դա պետականաքանդ գործունեություն է և Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա այդ ամենը, չի կարելի այդպես անձնական ամբիցիաներով ղեկավարելով երկիրը կործանել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Փաշինյան, բազմոցին պառկած քո ...

ԲՀԿ-ական պատգամավորը քննադատում է վարչապետին տնտեսական հեղափոխությունը ձախողելու համար և ընդգծում՝ այս պայմաններում իշխանության հույսը ներքին անհաշտություններ առաջացնելն է։ Պետրոսյանը նկատում է՝ փոխարենն օգտվեն Գագիկ Ծառուկյանի հեղինակությունից, գրոհում են նրան։

«Սա աննախադեպ խայտառակ վիճակ է։ Ես ոչ մի պատճառ չունեմ ճշմարտությունը չասելու, ոչ էլ առիթ ունեմ որևէ մեկից երկյուղելու, այսօր նման մթնոլորտ ստեղծելով Նիկոլ Փաշինյանն ուղղակի օրորոցում խեղդեց Հայաստանում որևէ մեկի կողմից ներդրում անելու ցանկությունը։ Այ այս ուղղությամբ թող մտածեն։ Եվ այս կորոնավիրուսի հետևում թաքնելով և արտակարգ դրությունը երկարաձգելով, ինքը դրանով չի փրկվելու, ինքն ընդամենը երկարացնում է իր իշխանության օրերը։ Բոլոր ուղղություններով ձախողել է Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները, ո՛չ Ռուսաստանում են իրեն հաշվի առնում, ո՛չ Ամերիկայում, Իրանի հետ հարաբերություններ չունենք, Վրաստանը արհամարում է նրան, մեր բոլոր սահմաններն ինքը փակեց, ինքը Հայաստանը դարձրեց կղզյակ, հիմա ի՞նչ է ուզում։ Ծառուկյանին անդրադառնալուց առաջ ինքը շատ լավ գիտի, թե ում պետք է անդրադառնա, որ իր անօրինական գործունեության արդյունքում ՀՀ-ի պետական բյուջեին հասցրած վնասները վերականգնի։ Ուրեմն այս երկրի ամենամեծ իրավախախտը Ծառուկյա՞նն էր, ամոթ է, գետինը մտնի ինքը, վերջին պահին թող իր պատիվը հավաքի ու ի շահ Հայաստանի գործի»,- ընդգծեց նա։

Գևորգ Պետրոսյանը մեջբերում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, թե մարդը բարձրագույն արժեք է, սակայն նրա դիտարկմամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ քաղաքացին կոպեկի արժեք էլ չունի։

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը առերեւույթ մասնակցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության կառավարմանը, մինչդեռ նա հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, Գևորգ Պետրոսյանը նշեց․

Ահա, թե ինչու է Փաշինյանը հետապնդում ...

«Ես շատ լավ գիտեմ օրենքի դրույթները, բայց արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ զբաղվել է, կամ ե՞րբ է զբաղվել, եթե զբաղվել է, բա մինչև հունիսի 5-ը Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցներն ինչո՞վ էին զբաղված, թե պիտի Ծառուկյանը քննադատեր գործող իշխանության ապաշնորհ քաղաքականությունը նոր իշխանություններն արթնանային ու ասեին, որ Ծառուկյանը զբաղվում է ապօրինի․․․ սրանով Նիկոլ Փաշինյանը թքում է իրավապահ համակարգի երեսին։ Այսինքն՝ ասում է, եթե ես հրահանգ չեմ տալիս, դուք նստեք տեղներդ, երբ ես հրահանգ եմ տալիս, վեր կացեք հին դեպքեր փորփրեք։ Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Նա ընդհանրապես պետակաշինության հետ գործ չունեցող մարդ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը, որ հաճախ խոսում է իր ռեյտինգից, թող բարի լինի, հիմա հրաժարական տա, ու տեսնենք, թե հանրության քանի տոկոսն է նրան վստահության քվե տալիս։ Ես իր անձի դեմ ոչինչ չունեմ, իմ քննադատության առիթը հանրային դժգոհությունն է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծում է՝ կոռուպցիան միայն այն չի, որ մարդիկ ֆինանսական չարաշահումներ են թույլ տվել։ Նա հիշեցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասին, որը ՍԴ նիստերին չէր մասնակցում, սակայն աշխատավարձ էր ստանում։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չգիտեի, որ նա աշխատանքի չի գնում, այ ընկեր, բա իմացար, ի՞նչ միջոցառում ես իրականացրել քո անբան դատավորի նկատմամբ։ Բա եթե դու պետական բյուջեի նկատմամբ հոգածություն ունեցող մարդ ես, դու ձևականացրիր, թե իբր չգիտես, որ նման դատավոր կա, որը աշխատանքի չի գնում, ամիսներ է անցել քո իմանալուց, ի՞նչ միջոցներ ես ձեռնարկել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հին իշխանությունների երկակի ստանդարտների ձևաչափը, և նա, ով իր համար ցանկալի մարդ է, նրա ապօրինությունները ներում է, նա, ով իր ճանապարհին անցանկալի մարդ է, որը սպառնում է իր իշխանությանը, ինքը հանկարծ որոշում է, որ նրանք դարի հանցագործներն են, և նրանց նկատմամբ հետապնդում է իրականացնում։ Ամոթ է, ինքը պատասխան է տալու իր երկակի ստանդարտների համար»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ իր վրդովմունքը հայտնում է ոչ թե որպես Գագիկ Ծառուկյանի թիմակից, այլ որպես քաղաքացի, որը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իսկապես հավատով էր լցված հասարակությունը, սակայն նա այս երկու տարիների ընթացքում բոլոր ոլորտները ձախողել է։

Ահա, թե ինչու է Փաշինյանը հետապնդում ...

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության հետ կապ ունենալուն, Գևորգ Պետրոսյանն արձագանքում է՝ ի՞նչ է նշանակում կապ ունի, Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է։

«Ինքը բազմաթիվ ընկերությունների սեփականատեր է, բայց դրանք հավատարմագրային կառավարման հանձնված ընկերություններ են, որոնց անմիջական ղեկավարմանն ինքը չի մասնակցում։ Իհարկե, սեփականատերն իրավունք ունի ցուցումներ տալ կառավարման ուղությունների, գերակայությունների հարցում, բայց ինքն անձամբ ձեռնարկատիրությամբ չի զբաղվում»,- ասաց նա։

Գևորգ Պետրոսյանն «իր բարեկամական» խորհուրդն է տալիս, փոխարենը Գագիկ Ծառուկյանի հնարավորություններից իշխանությունը օգտվի, աշխատատեղեր բացվեն, եղածն էլ փակում են։

«Մարդկանց չքավոր, սոված է դարձնում, սովից ավելի շատ մարդ է մեռնելու, քան կորոնավիրուսից։ Էդ ի՞նչ ձևական պայքար են սկսել, էդ ի՞նչ դիմակահանդես է, ես ԱԺ միակ պատգամավորն եմ, որ այդպես էլ դիմակ չկրեցի, մեծամասնությունը հիվանդացավ, իսկ ես կորոնավիրուսից այնքան եմ հեռու, ինչքան ձեր գրասենյակը Հավայան կղզիներից։ Բա էդ ո՞նց եղավ։ Ամբողջ ազգին սարքել է դիմակահանդեսի մասնակից, իրենք իրենց ընտանիքներով հաճույք են անում, կիլոներով սև իկրա են ուտում, իսկ Հայաստանում մարդիկ հացի փող չունեն»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

(Visited 75 times, 1 visits today)