«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունն իրեն համախմբի և ուղարկի հավիտենական արձակուրդի».Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ցույց է տալիս, որ մենք գործ ունենք այն շղթայի հետ, որտեղ գործում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու ընդամենը մեկ սխեմա:


«Այսօր հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ քաղաքական հետապնդումներից, ռեպրեսիաներից բացի, այս իշխանությունն ընդդիամախոսներին լռեցնելու այլ ճանապարհ պարզապես չունի։ Սկզբում իշխանությունն այս մեթոդներով փորձ արեց լռեցնել «Հանրապետական» կուսակցությանը, հետո Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին, հետո Հրայր Թովմասյանին, որի աղջիկներին կանչեցին Ազգային անվտանգության ծառայություն, հետո Էդմոն Մարուքյանն էր և այլն։ Հիմա թիրախում է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ, որովհետև Ծառուկյանը հնչեցրել է ընդդիմադիր խոսք ու բարձրացրել Կառավարության 100 տոկոսի հրաժարկանի հարցը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը, երբ որևէ ընդդիմադիր փորձում է ակտիվանալ, իշխանությունը գործի է դնում իր միակ մեխանիզմը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նաև նշեց, որ իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից այսօր հրահանգված գործողությունները ցույց են տալիս նաև հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունն իրեն համախմբի և ուղարկի հավիտենական արձակուրդի»:

(Visited 118 times, 1 visits today)