Մեկն ու մեկի մտքով անցնո՞ւմ է, թե ինչու օրն ի բուն Փաշինյանին ու կառավարությանն ընդհանրապես քննադատող վարձու կայքերն ու հեռուստատեսություններն այս տղայի մասին ոչինչ չեն գրում, սրան չեն քննադատում

ԹԱՔՆՎԱԾ ԱԿԱՆ ռՈՍՏԱՄ բԱԴԱՍՅԱՆԸ
Այս ջահելը ե՞րբ և ինչպե՞ս յուրացրեց խարդավանքների արվեստը: Ե՞րբ և ինչպե՞ս կարողացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հավատարմություն խաղալը ձևի մեջ դնել և անվնաս մնալ: Մեկն ու մեկի մտքով անցնո՞ւմ է, թե ինչու օրն ի բուն Փաշինյանին ու կառավարությանն ընդհանրապես քննադատող վարձու կայքերն ու հեռուստատեսություններն այս տղայի մասին ոչինչ չեն գրում, սրան չեն քննադատում:
Իրենցն է դրա՞ համար: Իրե՞նց ուղարկած ականն է կառավարությունում:

Բայց սա, այդքան ջահել, ե՞րբ հասցրեց այդչափ ցինիկ դառնալ, ե՞րբ հասցրեց իր ուսանողական տարիների կապերը բերել-ոլորել Նոր իշխանության կառավարման մեջ:Այս նախարարը չի՞ լսել, թե Հեղափոխությամբ հաղթանակած Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես բացահայտ հայտարարեց՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։ Սա ասվել է դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին: Եվ կառավարության անդամ ռոստամը, վարչապետի այս ասածն անտեսելով, 2020 թվականին սահմանադրական դատարանի թեկնածու է ներկայացնում հրաժարական տալու ենթակա դավիթ ավետիսյանի որդուն՝ Վահրամ Ավետիսյանին: Դասախոս-ուսանող նախկին կա՞պն էր ռոստամին ստիպել այդ թեկնածուին ներկայացնել, և կառավարությունում էլ հաստատել են՝ վստահելով իրեն: Եվ բադասյանը ոչ մի դիտողություն էլ չստացավ, որ խայտառակել է կառավարությանը: Դեռ ավելին, հասարակական հնչեղություն ստացած այդ հարցին շատ անտարբեր պատասխանեց. «Հանրային մակարդակում հնչած որևէ փաստարկ իմ կարծիքով չէր կարող խոչընդոտ հանդիսանալ իմ թեկնածության քննարկման ժամանակ»:
Պահո՜… ռոստամ բադասյան, արդեն այնքան ես քեզ վերին արտի ցորեն կարծում, որ հասարակության կարծիքը քեզ համար ոչի՞նչ է: Այս ռոստամը դիտողություն չէր ստացել նաև այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ականջը մտած՝ վարչապետին համոզում էր, թե դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել: Եւ սա ասում էր երկրի արդարադատության նախարարը, որը տապալել էր ու շարունակում է տապալել դատաիրավական համակարգը զտելու գործընթացը: Շատ լավ, բայց դու՝ արդարադատության նախարար, նախ զտիր, մաքրիր այդ միջավայրը և երբ կունենաս դատական մաքուր համակարգ, նոր միայն առաջարկիր նրանց աշխատավարձը բարձրացնել: Դու դեռ կարողացիր ներկայումս գործող և ամբողջովին կաշառակերության մեջ թաթախված դատավորների գույքային դրության ստուգում անցկացնել՝ անպայման ուշադրություն դարձնելով նրանց ներկայացրած հայտարարագրերի վրա: Որովհետև դու պիտի լավ իմանաս, ընկեր նախարար, որ զոքանչների, հորեղբոր տղաների ու քավոր-սանիկների վրա գրանցված նրանց թալանածն իրենք իրենցը չեն համարում:

Դու նաև դատավորների բարեվարքության ստուգում իրականացրու, իսկակա՛ն ստուգում, որը կկոչվի ազնվության և անկաշառության ստուգում: Տեսնենք քանի՞սը կհամապատասխանեն դատավորի բարոյական կերպարին և քանի՞սի կայացրած վճիռները կընդունվեն իսկապես Հանուն Հայաստանի Հանրապետության:
Այս ռոստամ կոչված ջահելին չի՞ մտահոգում, որ երկու տարի է էն հանցագործ ռոբիկ քոչարյանի բուն դատաքննությունն այդպես էլ չի սկսվում, իսկ այսօր էլ գեթ մեկ նախկին բարձրաստիճան կոռուպցիոներ չի դատապարտված: Հանցագործների դատավարությունների ձգձգումների մասին խոսելիս կարծես արդարադատության նախարար չլինես, երբ մեղքը բարդում ես դատավորի վրա՝ խուսափողական վարքագիծ համարելով նրանց պահվածքը, որ, իբր, վախենում են քննադատությունից, որն անթույլատրելի է: Իսկ թույլատրելի՞ է, ընկեր ռոստամ, որպես դիտորդ դրա մասին խոսելը:
Վայ ռոստամ բադասյան, դու երբեմն քայլեր ես անում, որոնք զարմանք են առաջացնում: Միգուցե դու դա միտումնավո՞ր ես անում: Դու նախագիծ ես ներկայացնում, որով առաջարկվում է դատավոր և նախարար լինելու համար պարտադիր դարձնել միայն ՀՀ քաղաքացի լինելը: Դու, ռոստամ, ի՞նչ է, մերժում ես սփյուռքի՞ ներուժը կամ էլ մոռացել ես, թե որքան խելացի, գործունյա մարդիկ ստիպված արտագաղթեցին այս վերջին 20 տարիներին, որոնք հիմա պատրաստ են վերադառնալ և իրենց աջակցությունը բերել Նոր երկրի նոր կառավարությանը:

Կամ էլ իրավական փոփոխությունների նախագիծ ես ներկայացնում կառավարության հաստատմանը, բայց հաշվի չես առնում, որ մինչ կառավարություն բերելը դրանք պետք է քննարկման ուղարկեիր համապատասխան գերատեսչություններ: Չես արել: Միապետի հոգեբանությունդ թույլ չի տվել ուրիշների կարծիքներն իմանալ: Եվ արդարացիորեն կոշտ էր Փաշինյանի դիտողությունը քո հասցեին, երբ ասաց. «Մինչև բոլոր գերատեսչությունների հետ չքննարկվի, ստորագրման չբերեք»:
Քո անփութության համար արված վարչապետի այդ դիտողությունն արդյոք ընկալե՞ցիր, ջահել նախարար, թե՞ ճարպկորեն մանյովրեցիր:
Դու մանյովրելու վարպե՜տ ես, բադասյան, այդպես մանյովրում ես, երբ խոսք է բացվում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի մասին: Դու մինչ հիմա չես կարող գեթ մեկ օրինակ բերել, որ քո նախաձեռնությամբ ինչ-որ չափով մաքրվել է դատավորների միջավայրի կեղտը: Ինչո՞ւ կոնկրետ գործերով ժողովրդին չես ներկայացնում, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: Իսկ երկիրը բացահայտ թալանած հանցագործները ազատորեն վխտում են ամենուրեք: Բա էլ ինչի՞ համար ես դու արդարադատության նախարար կոչվում, որ ոչ մի կոնկրետ գործողություն չես կատարել, ու հիմա էլ չես կատարում: Ասենք թե Վարչապետը հավատացել, վստահել է գիտելիքներիդ ու, գուցե նաև, քո նախկին աշխատավայրերում ունեցածդ որոշ փորձառությանդ: Բայց ո՞ւր են արդյունքները, որոնց ժողովուրդը անհամբեր սպասում է: Հիմա ես իրավունք ունե՞մ կասկածելու, որ դու, թեպետ դեռ այդքան ջահել, հասցրել ես որոշ կապերդ պահել նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչների հետ, և այսօր այդ կապերը քեզ խանգարում են: Քեզ նախկինները յուրայի՞ն են համարում: Երևի, կամ էլ՝ հաստատ: Թե չէ, կրկնեմ վերը ասածս, դու ոչ մի կերպ չես հայտնվում նախկին ռեժիմին ծառայող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նրանք այդպես վարվում են նրա՛նց հետ, ում իրենց մարդն են համարում:
Ես, ընկեր բադասյան, քեզանով զբաղվելու այսքան ժամանակ չէի կորցնի, եթե մեր սիրելի Վարչապետին հասնող վտանգ չտեսնեի քեզ նմաններից: Մի քանիսի հետ կապված նման վտանգ ո՛չ միայն տեսանք, այլև դրա վնասները զգացինք: Դո՞ւ էլ նրանց նման թաքնված ական ես:
Ցավում եմ, որ հետևելով քո ոչինչ չանելու և շատ խոսելու պահվածքին, արդեն գալիս եմ այն եզրակացության, որ դու, ընկեր բադասյան, մեղմ ասած չես համապատասխանում այդ կարևոր պաշտոնին: Եզրակացություն արա սրանից և հնարավորինս շուտ հեռացիր: Ես քեզ պարզապես չեմ վստահում: Եթե ասում եմ՝ ես, նշանակում է ժողովրդի տրամադրությունն եմ քեզ փոխանցում:
Գիտե՞ս, բադասյան, ես քո անձով ընդհանրապես մտահոգ չեմ, մտահոգ եմ հեղափոխությա՛ն արժեքներով: Նաև շատ եմ ափսոսում հեղափոխության արժեքները, որոնց պահպանությունը քեզ հասու չեղավ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 428 times, 1 visits today)