Փափուկ բուլկի

Բաղադրատոմսը

Խմորի համար մեզ անհրաժեշտ է

  • 1 բաժակ գոլ ջուր
  • 1 ճաշի գդալ խմորիչ (դրոժ)
  • 1 ձու
  • 1 թեյի բաժակ (250 գ) գոլ կաթ
  • 6 ճաշի գդալ ձեթ կամ հալեցված կարագ
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • Ալյուր

Պատրաստման եղանակը

Նախ իրար հետ խառնած մի փոքր ամանի մեջ լցնում ենք գոլից քիչ տաք ջուրը, խմորիչն ու 1 ճ գդալ շաքարավազը: Թողնում ենք 20-25 րոպե, մինչ լավ կփրփրի:
Այնուհետև ավելացնում ենք աղը, ձուն, մնացած շաքարավազը, կարագը կամ ձիթայուղը (այս անգամ ձիթայուղ եմ օգտագործել):
Բաղադրիչները լավ խառնում ենք ու մաղելով սկսում ավելացնել ալյուրը:
Ալյուրի քանակը գրելուց խուսափում եմ, քանի որ հստակ քանակ գրելու համար հարկավոր կլիներ մնացած բոլոր բաղադրիչներն ավելացնել կշեռքով հստակ կշռած: Ալյուրն ավելացնում ենք քիչ-քիչ՝ ինտենսիվ հունցելով: Չենք մոռանում, որ խմորիչով խմորները լավ հունցելու կարիք ունեն: Աշխատեք ալյուր շատ չանել, լավ հունցելու, երբեն նաև խմորը սեղանին խփելու շնորհիվ կպչունությունը կպակասի: Հաշվի առեք, որ լավ թթվելուց հետո ևս խմորն ավելի քիչ կպչուն է լինելու:
Ի դեպ, եթե բուլկիները չամիչով եք պատրաստում, ապա խորհուրդ եմ տալիս չամիչն ավելացնել ալյուրի հետ խառնած: Այսպես չամիչը չի կուտակվի մի տեղում և հավասար կտարածվի ողջ խմորի մեջ:
Ահա, լավ տանջած մեր խմորը դնում ենք թասի մեջ, տաք ծածկում ենք ու գնում մեր գործերին: Այն թողնում ենք հանգստանա 1.5-2 ժամ, կամ այնքան, մինչ խմորը կրկնակի և ավել բարձրացած լինի:
Ժամանակը եկավ, խմորը հասունացել է: Այս ճկուն, լավ թթված խմորից ձևավորում ենք գնդիկներ ու տեղավորում տապակի վրա՝ իրարից լավ հեռու: Հաշվի առեք, որ այն լավ մեծանալու է: Դրա համար ես այս խմորով բուլկիները պատրաստելիս ավելի փոքր գնդեր եմ անում:
Տապակի վրա գնդերը ծածկում ենք սննդային թաղանթով, որ խմորի երեսը չչորանա, կամ, ինչպես երբեմն ես էլ եմ անում, երեսին վրձինով ձիթայուղ քսեք:
Գնդերը 25-30 ր հանգստանալուց հետո պատրաստ են թխվելու: Դրանց վրա քսում ենք դեղնուցի, մի քանի կաթիլ կաթի ու քիչ ձիթայուղի խառնուրդ և ուղարկում ենք ջեռոց՝ առավելագույն ջերմաստիճանով այն նախապես տաքացնելուց հետո: Ես թխել եմ 230 աստիճանով:

Թխվելու ժամանակը կողմնորոշվեք ինքներդ: Բուլկիները պատրաստ են, երբ կպատվեն գեղեցիկ կարմիր կեղևով:
Ահա և վերջ: Դուրս բերելուց անմիջապես հետո տաք վիճակում, ըստ ցանկության, կարող եք բուլկիներին քսել որևէ օշարակ կամ ուղղակի մուրաբայի հյութ:

(Visited 90 times, 1 visits today)