Փանոս Թերլեմեզյանն ու Կոմիտասը

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարև ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

(Visited 49 times, 1 visits today)