Վանոն ճիշտ էր

Իմ նախորդ հոդվածներից մեկում՝ «Ոստիկանը, գողականը ու օրենքը», անդրադարձել էի Հայաստանում արմատացած քրեական բարքերին, դրանց արտացոլմանը հատկապես դեռահասների շրջանում: Հոդվածը թողել էի անավարտ՝ վերադառնալու հույսով:

Չէի կարծում, որ հոդվածին վերադառնալու առիթ է հանդիսանալու ողբերգությունը: Այն, ինչ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, մեծագույն ողբերգություն է: Մշակութաբանական, վարքագծային, կենցաղային, քրեական ներկապնակի արտացոլում:

Ողբերգությունը հետևանք էր: Հետևանք այն ամենի, ինչ տարիների ընթացքում արմատացել է մեր հասարակության մեջ: Հետևանք՝ հետհեղափոխական երկամյա անգործության: Հետևանք՝ ճառ ասելու ու զանգ կախող չճարելու:

Սակայն ամենին գանք հերթով: Ոստիկանության տոտալ անգործության հետևանքով մենք դեռ շատ ողբերգությունների ենք ականատես լինելու: Սրա պատճառները շատ են: Հազարապատիկ շատ, քան մենք կարծում ենք: Ընդ որում, երևացող ու չերևացող պատճառները հավասարազոր են: Ողբերգությունից անմիջապես հետո կարծես ձևավորվում է ոստիկանապետի հրաժարականին առնչվող պահանջ:

Ինքս էլ մաս եմ կազմում այդ պահանջի: Այն, որ ոստիկանապետը պետք է ժամ առաջ գնա չվաստակած թոշակի (ոչ որպես ոստիկան, այլ որպես ոստիկանապետ), գոնե ինձ համար քննարկման ենթակա չէ: Սակայն ոստիկանապետի փոփոխությունն անգամ այս իրավիճակում կարող է դիտարկվել կեղտոտ սրտի մխիթարանք, ավելի՝ ոչինչ:

Ես չեմ հրճվում, որ մենք կրթական համակարգ չունենք: Դա ինձ համար ողբերգություն է: Եթե կուզեք՝ անձնական ողբերգություն: Նույնպես չեմ հրճվում, որ ոստիկանությունն ընդհանրապես այս վիճակում է: Սա սպառնում է ՀՀ-ում ապրող յուրաքանչյուրի անվտանգությանը: Այստեղ խոսքը բնավ չի վերաբերում անձնական տարածքին: Խնդրի խորությունը հասել է հանրային վտանգավորության աստիճանի:

Քրեական բարքերը և դրանց սերմանած արդյունքներն ամենուր են՝ մանկապարտեզից սկսած երկրի բարձրագույն՝ ԱԺ ամբիոնով վերջացրած: Դրանց դեմ բովանդակային ու արդյունավետ պայքարը՝ զրո: Չի կարող նորմալ լինել մի երկրում, որտեղ սփայսի, տարատեսակ հոգեմետ միջոցների վաճառքը հասել է Ռուսաստանի վիճակին:

Չի կարող նորմալ լինել մի երկրում, որտեղ ամեն երրորդ դեռահաս պատրաստ է «ճշտի համար» կյանք խլել: Չի կարող նորմալ լինել մի երկրում, որտեղ այդ նույն քրեականը, այդ խոսույթը, վարքականոնների ամբողջությունը վաղուց սողոսկել են մի համակարգ, որը կոչված էր քրեականի դեմ պայքարելու:

«Մեր ազգը», «մեր քաղաքակրթությունը», «մեր արժեքները»… աման, խլեցին, կործանեցին ազգիս: Հյուսիսկովկասյան լեռնականի վայրենի վարքագիծը՝ Գրոզնու արվարձաններում սկիզբ առած մոտիվներով, հագուստի ձևով, տո դեմքի արտահայտությամբ, վետերոկային անառողջ կուռաժիտ երգերով, անգամ մազերի ձևով, յուրաքանչյուր բջիջի մեջ է մտել: Երբեմն նույնիսկ շփոթի ես մատնվում՝ սա Հայաստա՞նն է, թե՞ Նիժնի Պսկովի բարաքները:

Իսկ չեչենի կենսաձևի դեմ շվեդական մեթոդներով չեն պայքարում: Հաստատապես չի օգնի:

Այս իրավիճակը կամաց-կամաց վերածվում է քաոսի: Ժամանակների չկառավարվող քաոսի: Կան բազմաթիվ ուժեր, որոնք չեն վարանի օգտվել այդ չկառավարվող քաոսից և արդեն օգտվում են: Իշխանությունը միակ օղակն է, որն ունի պետական՝ լեգիտիմ ուժ կիրառելու գործառույթ: Երբ չի օգտվում իր լեգիտիմությունից, հաստատապես կգտնվեն շրջանակներ, որոնք կօգտվեն:

Մի անգամ ասել եմ, կրկնում եմ նորից: Այո, մշակույթը երբեմն պետք է բռնությամբ պարտադրել: Ու իմ ասած բռնությունը բնավ կապ չունի հանրային լայն ընկալումների բռնության հետ: Իմ պատկերացրած բռնության միջավայրում դեռահասն այնքան զբաղվածություն ունի, որ քուչում կանգնած թզբեխ ֆռցնելը, պարբերաբար ուղտին ընդօրինակելը և ձվերը քորելով աշխարհի «ճշտերի» մասին լոճած խոսույթով «ցվետիտսա» լինելը տեղ չունեն:

Գանք խմբերին:

Բազմաթիվ խմբեր, նույնիսկ օրգանապես միմյանց ատող, արդեն իսկ սկսեցին օգտվել այս իրավիճակից՝ շտապելով կրակի վրա ձեռքեր տաքացնել:

Թերևս ամենաաչքի ընկնողները նախորդ իշխանության հայտնի ոստիկանապետի ֆան ակումբի անդամներն են: «Նրա օրոք հնարավոր չէր 500 հոգով հիվանդանոց ներխուժել»: Հնարավոր էր, հարգելիներս, ավելի քան հնարավոր: Հենց նրա օրոք էր, որ Երևանի կենտրոնում մինչև ատամները զինված ոստիկանական գունդ հնարավոր եղավ գրավել, հիվանդանոցի եղածն ի՞նչ էր, որ չգրավեին: Սա նաև էն ժամանակների ցանածի արդյունքն է:

Հաջորդ խումբը, հատկապես մեդիա տիրույթում, ամեն ինչ արեց ապացուցելու համար, որ երկրում քաոս է: Սա առանձնահատուկ հմտություններ պահանջող ձեռնածություն է:

«Բոլորին հանել գործից, զրոյից ստեղծել ոստիկանություն»: Ցավն այն է, որ այս մոլորության մեջ են ընկնում նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Եկեք փակենք: Որտեղի՞ց եք բերելու նորերին: Մարսի՞ց, հարևան Վրաստանի՞ց, Չեխիայի՞ց: Որտեղի՞ց: Նույն մշակութային վարքագիծն ունեցող անձանց չե՞նք բերելու:

Կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, կարող ենք ընդունել հազարավոր օրենքներ, կարող ենք ներկայացնել սիրուն ռեֆորմների ծրագրեր: Կարող ենք… Դեկլարացիաներ գրելու հրաշալի պոտենցիալ ունենք: Բայց այդ ամենն առ ոչինչ է, երբ չկա բովանդակություն, երբ բացակայում են հմտությունը և փոխելու ունակությունը: Գլուխներս ավազի մեջ մտցնելով ու ակնհայտը չտեսնելու տալով՝ հետույքներս չենք փրկի: Միմյանց հետ բաց, իրար աչքերի մեջ նայելով ամենացավոտ խնդիրներին անդրադառնալու ու համատեղ լուծումներ փնտրելու պետք ունենք: Ցավալի անկեղծության ու սխալներն ընդունելու կարողության կարիք ունենք: Անենք, քանի դեռ վիճակը վերջնականապես չի դարձել անդառնալի:

Երբ ես գրում եմ այս հոդվածը, իսկ քիչ հետո դու այն կկարդաս, հարգելի ընթերցող, ոմանք ինչ-որ մտքերի հետ չեն համաձայնի ու կհայհոյեն ինձ, էդ նույն պահին, էկրանից անդին, իրականության մեջ մի դեռահաս մեկ այլ «ճշտի» համար կյանք կխլի:

Եվ այստեղ ռուսը, թուրքը, Սորոսը, «փչացած Արևմուտքը», Ալիևը կապ չունեն: Մենք մեզ ենք ոչնչացնում, մենք չենք կարողացել մեր բնակչությանը տալ բռնության ու սպանելու այլընտրանքը:

Վահրամ Թոքմաջյան

(Visited 43 times, 1 visits today)