ՀՀ դպրոցում առաջին անգամ կդասավանդվի ֆուտբոլ մարզաձևը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը հայտնել է, որ Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում հաջորդ ուսումնական տարվանից դասավանդվելու է ֆուտբոլ մարզաձևը։

«Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրինության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ ձեռքբերում: Հանրապետությունում առաջին անգամ փորձ է արվում նոր ուսումնական տարվանից ավագ դպրոցում ձևավորել մարզական հոսք «Ֆուտբոլ» մարզաձևից: Ծրագրի ներդրումը թույլ կտա երիտասարդների և աղջիկների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ: Եվ վերջապես մասսայականությունից դեպի նեղ մասնագիտական որակավորում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Դավթյանը:

Հիշեցնենք, որ  2004 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց հանրակրթական դպրոցներում կազմակերպել ցուցադրական դասեր: Մասսայական ֆուտբոլի զարգացման և “Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ” ծրագրերի շրջանակներում մոտ 400 հանրակրթական դպրոցներում նմանատիպ դասերի անցկացման արդյունքներից ելնելով ստորագրվեց եռակողմ պայմանագիր, Սպորտի և երիտասարդության հարցերի, Գիտության և կրթության նախարարությունների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ըստ որի` 2009 թվականի հունվարից 450 դպրոցներում փորձնական և ապա սեպտեմբերից` բոլոր հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի երրորդ դասաժամը կդասավանդվի “Ֆուտբոլ” առարկան:
Համաձայն նշված պայմանագրի` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան պարտավորվել է ապահովել ուսուցիչների մեթոդական ձեռնարկի և “Ֆուտբոլ” դասագրքի պատրաստման ու տպագրության աշխատանքները, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև տրամադրել հանրակրթական դպրոցներին առարկայի դասավանդման համար անհրաժեշտ գույք և հանդերձանք:

(Visited 38 times, 1 visits today)