Հայկական ֆուտբոլի հաղթանակը. Ռուբեն Հայրապետյանն ու իր թիմը ջախջախված են…

 

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի նոր նախագահն է: Քիչ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Մելիքբեմյանի օգտին քվեարկեցին ՀՖՖ-ի անդամ 13 պատվիրակներ: Մյուս թեկնածուն` Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 քվե ևս 3 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:

Այսօր կարող ենք արձանագրել, որ հայկական ֆուտբոլը վերջնականապես ազատագրվեց կործանարար համակարգից: Ռուբեն Հայրապետյանը և իր թեկնածու Թովմաս Գրիգորյանը, գործի դնելով վաղուց արդեն մաշված տեխնոլոգիաները, ամեն գնով փորձում էին զավթել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայրապետյանի և իր թիմի որդեգրած քաղաքականության հիմքում գլխավոր մրցակցին սևացնելն էր և նրա ծրագրերը փնովելը: Մասնավորապես, շահարկման առարկա էր դարձել ՀՖՖ տնօրեն՝ իսպանացի հանրահայտ մասնագետ իսպանացի Խինես Մելենդեսը, նրա և Հայաստանում աշխատող իսպանացի մյուս մասնագետների աշխատավարձի չափը: Ռուբեն Հայրապետյանի թիմը նույնիսկ սպառնալիքների գնով փորձեց ռեզոնանս առաջացնել, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դրանք ոչ այլ ինչ էին, քան փուչիկ:

Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը պաշտպանող հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե Արմեն Մելիքբեկյանը չհանի իր թեկնածությունը, ապա ստիպված կլինի հրապարակել նրա քաղաքական գործունեության վերաբերյալ աղաղակող փաստեր: Իսկ որտեղ են կամ որոնք են այդ փաստերը: Հարցի պատասխանը, կարծում ենք, պարզ է: Զգալով, որ իր թեկնածուի պարտությունն անխուսափելի է, ընտրարշավի վերջնամասում ակտիվ պայքարի մեջ մտավ նաև ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը: Պոկված կոշիկի և բանկային քարտի հետ կապված թյուր հայտարարությունները ստիպեցին ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերին վերջնականապես համախմբվել: Բոլորը հասկացան, որ Թովմաս Գրիգորյանի հաղթանակը կնշանակեր հուղարկավորել հայկական ֆուտբոլը:

2002 թվականին Հայրապետյանը հետևողականորեն քանդել էր այն, ինչը ժառանգել էինք ԽՍՀՄ-ից և նորանկախ Հայաստանից: Հայրապետյանը փոշիացրել էր այն ռեսուրսը, ինչու չէ՝ նաև հեռանկարը, որով պետք է առաջ շարժվեինք: Հայրապետյանի ռեժիմի արմատներն այնքան խորն էին, որ նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո ֆուտբոլում էական փոփոխություններ տեղի չունեցան: Հայրապետյանի մրցավարները շարունակում էին որոշել չեմպիոնության հարցը, ինչի հետևանքով Երևանի «Փյունիկից» ուղղակի խլվեց ոսկե մեդալը:

Նախկին ռեժիմի կողմից ներդրված դանդաղ պայթող ականի հզոր պայթյունը տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերին: Հայաստանի ազգային հավաքականը կրեց պատմության ամենախայտառակ պարտությունը Պալերմոյում՝ 9:1 հաշվով զիջելով Իտալիային: 9:1-ն այն արդյունքն է, որը ստացանք 18 տարվա ավերիչ գործողությունների հետևանքով: 9:1-ն այն ապտակն էր, որը ստացանք այսքան տարի հանդուրժելու և լուրջ քայլեր չանելու պատճառով: 9:1-ն այն պատկերն էր, որը թեկուզ ուշացումով, բայց ստիպվեց սթափվել:

Դեկտեմբերի 23-ը կարելի է անվանել հայկական ֆուտբոլի ազատագրման օր: Այս ընտրություններում Արմեն Մելիքբեկյանի դեմքով իրականում հաղթեց հայկական ֆուտբոլը: Հաղթեց երկրպագուն և Հայաստանի քաղաքացին, որն անտարբեր չգտնվեց և իր քայլն արեց ֆուտբոլի փրկության դժվար ճանապարհին: Այո, այսօր գտնվում ենք ոչ թե 0-ական, այլ բացասական կետում: Գտնվում ենք այնպիսի կետում, որտեղից ոտքի կանգնելն իրականում շատ դժվար է:

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ այսօր հայկական ֆուտբոլի առաջ բացվեց հեռանկար, ուրվագծվեց առաջ շարժվելու ուղին: Ուղի, որով պետք է անցնի ոչ թե ՀՖՖ ղեկավարությունը, այլ ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերը, պատանի ֆուտբոլիստները, երկրպագուները և վերջապես՝ Հայաստանի ազգային հավաքականը:

Այսօր մեր ազգային թիմը գտնվում է, մեղմ ասած, ծանր իրավիճակում: Ազգային հավաքականում ևս անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ: Մելիքբեկյանի առաջնային քայլերից պետք է լինի Հայաստանի հավաքականի վերակենդանացումը: Մեր ազգային թիմին անհրաժեշտ է եվրոպացի բանիմաց մասնագետ: Բոլորը համոզվեցին, որ հավաքականի այսօրվա վիճակի գլխավոր մեղավորների շարքում են նաև տեղացի այն մասնագետները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում «կերտել» են տապալումներն ու ձախողումները: Ուզենք թե չուզենք՝ ազգային հավաքականը լինելու է երկրպագուի ուշադրության կենտրոնում, և շատերը կհամաձայնեն, որ մեր երկրի գլխավոր թիմը պետք է առանձնակի ուշադրության արժանանա ինչպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, այնպես էլ երկրի իշխանությունների կողմից:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

(Visited 38 times, 1 visits today)