«Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին». Փաշինյանը՝ Վերմիշյանի ձերբակալության մասին

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը. սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Տխուր է, որովհետեւ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո  եւ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք եւ վարչապետին  միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում են, որ նման վիրավորանք  հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որեւէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել: Եթե այս հարցում կան կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետեւից անպայմանորեն եւ անխուսափելիորեն գնալու ենք»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Վերմիշյանին ձերբակալել են երեկ, իսկ ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրա աշխատասենյակում և բերման ենթարկել Վերմիշյանին և առգրավել նրա համակարգիչները:

(Visited 35 times, 1 visits today)