Պետրոս Ղազարյանը «Հանրայինից» չի հեռանա, նա միայն «Հարցազրույց» հաղորդումը կվարի. Մանրամասներ խորհրդի նիստից

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նիստում Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ազատվել է աշխատանքից։ ArmDaily.am -ի հետ զրույցում խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ Խորհրդի բոլոր 5 անդամները կողմ են քվեարկել նրա ազատմանը։«Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հ1-ի ստեղծագործական տնօրեն Արմեն Սարգսյանը: Աշխատանքից ազատման դիմում էին գրել նաև հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ու Պետրոս Ղազարյանը։ Նրանց աշխատանքից կազատի արդեն նշանակված գործադիր տնօրենը»,-ասաց Տեր-Գուլանյանը՝ ընդգծելով որ ինքը հեռավար է մասնակցել Խորհրդի նիստին։Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Պետրոս Ղազարյանն էլ ազատվել է Հանրայինի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից։

«Ղազարյանի հարցը խորհրդում չի քննարկվել, նրան աշխատանքից ազատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ղազարյանի ազատումից հետո նրան այդ պաշտոնում ժամանակավոր կփոխարինի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Շահինյանն այս պաշտոնում կմնա մինչև լուրերի նոր տնօրենի նշանակումը: Թեև Պետրոս Ղազարյանն այլևս լրատվականի ղեկավարը չէ, սակայն նա «Հանրայինից» չի հեռանա, նա միայն «Հարցազրույց» հաղորդումը կվարի»:

Հարցին՝ թե ինչպես է ստացվել, որ Խորհրդի բոլոր 5 անդամները քվեարկեցին Գրիգորյանի ազատման օգտին՝ Գուլանյանն ասաց, որ անձամբ ինքը վաղուց էր դժգոհ Գրիգորյանի աշխատանքից։«Ես իրեն այդ մասին վաղուց եմ հայտնել։ Խնդիր էի տեսնում ստեղծագործայան հաղորդումների հետ կապված, միաժամանակ, ես սկզբունքորեն դեմ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդ հեռարձակի։ Հանրայինը պետք է բացառապես սոցիալական գովազդ հեռարձակի։ Հանրայինը հսկայական գումար է ստանում պետբյուջեից։ Տարօրինակ է, որ համապատասխան օրենքը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցավ։ Աժ-ում նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակն ասաց, որ եթե Հանրայինը գովազդ չհեռարձակի՝ մրցակցային անհավասար պայմաններում կհայտնիվի։ Մինչդեռ, հակառակը, Հանրայինը հսկայական գումարներ է ստանում պետբյուջեից և արդեն շահեկան իրավիճակում է»։Գործադիր տնօրենի հրաժարականի ընդունումից հետո պետք է սահմանվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգը։ Մրցույթում հաղթող ճանաչված գործադիրը տնօրենը նույնպես նշանակվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչև 5 տարի ժամկետով: Տեր- Գուլանյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ 6 ամսվա ընթացքում պետք է ընտրվի նոր գործադիր տնօրեն, սակայն Խորհուրդը հույս ունի, որ այդքան երկար չի տևի և առավելագույս սեղմ ժամկետներում կընտրվի գործադիր տնօրենը։

(Visited 85 times, 1 visits today)