42 միլիոն դոլարի անպետք զենքը.Ինչի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը.Մանրամասներ քրեական գործից

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում մարտի 11-ին Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ, ահա, ավելի ուշ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք, եւ վերջիններս պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Նրանց խոսքով՝ երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել: Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել էր դա, իսկ, ահա, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ անձնական նամակներին»:

(Visited 69 times, 1 visits today)