Քոչարյանի բոլոր ժամանակակիցների դպրոցական ծրագրերում այնպես էր, որ Արցախի հայերեն խոսող բնակչությունը ալբանացիներ են, նա իսկապես այդպես է իմանում, նաև կա տեսանյութ

New Armenia.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վահան Բադասյանը։

-Պարո՛ն Բադասյան, Ռոբերտ Քոչարյանը հայկական երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, խոսելով արցախյան հարցի կարգավորման մասին, ասաց, որ Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունն այս հարցում իր համար անհասկանալի է, և որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի այս միտքը, և արդյոք ներկայիս իշխանությունը իսկապե՞ս անհասկանալի քաղաքականություն է վարում արցախյան հարցի կարգավորման հարցում։

-Ներկայիս իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի համար իհարկե պետք է լինի անհասկանալի և խիստ հակասական, քանի որ Ռոբերտ Քոչարյանը երկիրը կառավարում էր այլ մեթոդներով։ Նա երկիրը կառավարում էր բռնակալների միջոցով, տեղական իշխանիկների միջոցով, օրենքի գերակայությունը մի կողմ դնելով։ Արցախյան հարցում՝ նա ներքին լսարանի դիմաց ասում էր մի բան, իսկ դրսում՝ լրիվ այլ բան։ Իրականության մեջ նա այն մարդն է, որը ստորագրեց «Մադրիդյան սկզբունքները», որով Արցախն ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, որով ինքը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ մնացածը հեքիաթներ են, թե ինքը հիմա ինչ է ասում և ինչպես է տեսնում հարցի կարգավորումը։  Նա տարակուսեց, երբ ասում են, որ Արցախը Հայաստանն է և վերջ, ասում է՝ Արցախն ի՞նչ Հայաստան, ասում է՝ Արցախի սուբյեկտայնությունը դուք վերացնում եք, իհարկե, սա հայացքների հարց է։ Հիշում եք, երբ ինքը ասում էր, որ ալբանացի է, տեսանյութ կա․ Արցախի՝ ռուսական կրթություն ստացած Ռոբերտ Քոչարյանի բոլոր ժամանակակիցների դպրոցական ծրագրերում այնպես էր, որ Արցախի հայերեն խոսող բնակչությունը ալբանացիներ են, նա իսկապես այդպես է իմանում, այդպես է նա ուսումնասիրել դպրոցում և Բաքվում, որտեղ ավարտել է բարձրագույն կոմունիստական կուսակցության դպրոցը։ Հիմա նա իր իմացած հայացքները հո չի՞ փաթաթելու մեր վզին, որ իրոք մենք ալբանացիներ ենք։ Մենք հայեր ենք, Արցախը միշտ եղել է հայերինը, այնտեղ միշտ ապրել են հայերը, և այդպես էլ պիտի լինի։ Ես կրկնում եմ, այո՛, Արցախը Հայաստանն է և վերջ։ Ուրիշ հարցեր չկան, այլ մեթոդներ չկան, մենք դեմ չենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց Արցախը երբեք Ադրբեջանի տարածքում չի եղել, որովհետև Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, գիտեք, եթե հետ գնանք 102 տարի՝ կտեսնենք, որ նման պետություն չի եղել, ադրբեջանցիները դեռ պիտի որոշեն, թե ովքեր են իրենք, բայց մենք որոշելու կարիք չունենք։ Մենք ռոբերտքոչարյանների կարիքը չունենք, որ ասենք, թե ովքեր ենք մենք, որ կասկածի տակ դնենք, թե այս տարածքը մերն է, թե ոչ, կամ կասկածի տակ դնենք, թե արցախցիները ովքեր են՝ հայե՞ր, թե՞ ալբանացիներ, ըստ Քոչարյանի, ալբանացիներ են։ Քոչարյանի հայացքներին վերադառնալ մենք չենք կարող։ Ռոբերտքոչարյաններն են պատճառը, որ մենք արցախյան հարցը Ադրբեջանի կապիտուլիացիայով չավարտեցինք, այլ ավարտեցինք զինադադարով, սա ասում եմ, որպես ականատես, պարզապես տարիներ շարունակ լռել ենք ամոթից, որովհետև հարցեր կան, որ իրենց ժամանակին չեն կարող ասվել, պետք է ժամանակ անցնի, որ ասվի, որովհետև թշնամու ջրաղացին չենք ցանկացել ջուր լցնել, բայց հիմա բանը բանից անցել է, երբ ինքը սկսում է նման կերպ խոսել։

— Նա նաև նշեց, որ փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Այս հայտարարությունը չի՞ նսեմացնում Արցախի անկախությունը։

-Արցախի անկախությունը նույնպես Ռոբերտ Քոչարյանի մտածածն է։ Արցախը չպետք է լինի Հանրապետություն, այն շատ արագ պետք է դառնա Հայաստանի մարզերից մեկը։ Սա միայն իմ կարծիքը չէ, սա մեր ժողովրդի ցանկությունն է, շարժումը սկսելուց ի վեր սա եղել է համայն հայության ցանկությունը:

 -Քոչարյանի խոսքով՝ Արցախի հարցի կարգավորման թելը կտրվել է հենց այնտեղ, երբ ներկայիս իշխանությունը նշում է, որ Արցախը Հայաստանն է և վերջ, իսկ հետո հայտարարվում է, որ հարցի լուծումը պետք է բավարարի բանակցող երեք կողմի ժողովրդին էլ։

-Հարցի կարգավորումը կտրվել է հենց այնտեղ, երբ որ կնքվել է զինադադարը, որի հիմքում եղել է կողմերի փոխվստահությունը, որի արդյունքում պետք է Արցախը վերադարձվեր Ադրբեջանին։ Հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց փուլառփուլ տարբերակը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց փաթեթային տարբերակը։ Ահա այստեղ է գործընթացը սկսել մտնել փակուղի մեզ համար։ Մենք պետք է ուրախանանք, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Արցախը Հայաստանն է և վերջ։ Ինչ վերաբերում է հարցի կարգավորման այն տարբերակին, որը ընդունելի կլինի երեք կողմի համար էլ, կարծում եմ, սա Նիկոլ Փաշինյանի կողմից հեռահար քայլ է, որ պետք է Ադրբեջանը կործանվի, կայսրությունը կործանվի, և այս բոլոր ժողովուրդներին ձեռնտու ձևով հարցը լուծվի։ Ես այսպես եմ ուզում ըմբռնել Հակյաստանի կառավարության ասածները։

-Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասաց, որ Արցախի անկախության հռչակագրից ներկայիս իշխանությունը հեռացել է, իսկ այն բանակցությունների միակ հիմքն է։

-Այդ սկզբունքները միայն ու միայն ելել են անձերի շահերից, այսինքն՝ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի անձի շահերից, հետագայում նաև Արցախի նախագահների շահերից՝ այդ թվում նարև ներկայիս։ Բայց Արցախի, այսպես կոչված, Հանրապետություն լինելու գործընթացը պետք է ավարտին հասցնենք և ելնենք միայն ու միայն 1989 թվականի դեկտեմբերի մեկի հռչակագրին պետք է վերադառնանք, ոչ թե հետագա՝ 91 թվականի Ռոբերտ Քոչարյանի անձնավորված հռչակագրին, այլ 89 թվականի, որով Արցախը ճանաչվել է Հայաստանի անբաժանելի մասը։ Այս հռչակագրին հետևելը երբեք վնաս չի լինի, սա է արցախահայության անվտանգության միակ երաշխիքը, և աշխարհն ընդունել է սա, սա միայն դեմ է Թուրքիայի շահերին, որին մենք պարտավոր չենք սպասարկել։

-Դուք խոսեցիք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին արցախյան հարցի կարգավորման շուրջ նրա վարած քաղաքականության մասին, «Մադրիդյան սկզբունքների» ստորագրման մասին։ Այդ դեպքում ինչու է նա, ով, ըստ Ձեզ, Արցախի հարցի կարգավորման ոչ հայանպաստ լուծում է ընտրել, այժմ հանդես գալիս նմանատիպ հայտարարություններով։

-Որովհետև ինքը ներքին լսարանում անում էր ուրիշ հայտարարություն, դրսում ստորագրում էր ուրիշ փաստաթղթեր, հիմա ինքը պաշտպանվում է, ինչի՞ց, կատարված հանցագործություններից։ Մարտիմեկյան հանցագործությունից, բայց՝ գիտի, որ միայն մարտի մեկը չէ, իր կատարած հանցագործությունը, գիտի, որ իր կողմից հանցագործություն է «Մադրիդյան սկզբունքների» ստորագրումը, իսկ մեր ազգի, մեր ժողովրդի մեջ կա, այսպես կոչված մի տեսակ, որ կուրորեն պաշտպանում են Քոչարյանի ամեն մի քայլը՝ ընդհուպ առեղծվածային սպանությունները, անօրեն հարստացումները։ Այդ մասսային ես համարում եմ նախիր, այսինքն՝ բութ հայացքներ ունեցող մարդիկ, որոնց հիմա անվանում են զոմբիներ, ինքը փորձում է այդ նախիրի թիվն ավելացնել, բայց ապարդյուն։ Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականության հետևանքով է Քոչարյանը հիմա ելույթներ ունենում, Փաշինյանը անցած ոչ մի իշխանության՝ սկսած առաջին նախագահից, քաղաքական գնահատական չի տվել, դա է նրա սխալը։ Քոչարյանը բազմաթիվ հանցագործություններից միայն մեկի համար է պատասխանատվության կանչվում, եթե նրա բոլոր հանցագործությունները մեջտեղ բերվեին՝ նա հարցազրույցներ չէր տա, կողմնակիցներ չէր հավաքի, իր համար փիառ անող ԶԼՄ-ներ չէր ստեղծի։

-Այսինքն՝ ինքնապաշտպանության նպատակո՞վ են արվում այս հայտարարությունները։

-Այո՛, որպեսզի  պատժվելու դեպքում այդ ամենը կարողանան քաղաքականացնել։

Քրիստինե Աղաբեկյան

New Armenia.am

(Visited 78 times, 1 visits today)