Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին

Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք,- գրում է aysor.am

«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպե՞ս ես եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

(Visited 180 times, 1 visits today)