Վլեն շուտով կգա Երևան՝ հանձնվելու․ որտեղ է զորամասը լքած զինվորը

Արդեն 2 օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած սկանդալային դեպքը:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ եզդի նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել և զրկել հացից, և նա, գտնվելով այդ ճնշումների տակ, փախուստի է դիմել զորամասից:

Այս տեղեկության հետ զուգահեռ այսօր արդեն սկսեց տարածվել մեկ այլ լուր, որում նույն զորամասում ծառայող զինվորը պատմում է, որ նման բան չի եղել և հենց Վլեն է իրեն սխալ պահել հրամանատարության առաջ, նա հրաժարվել է կարգի բերել իր ննջասենյակը և կրել զինվորական համազգեստը, վերջինս ճնշումների չի ենթարկվել:


Պարզաբանում ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է նորակոչիկի տատիկի՝ Ռոզա Ֆերոյանի հետ, որը հերքել է իր թոռան զինակցի հայտնած լուրը:

Նա նշել է, որ եթե թոռը հրաժարվեր համազգեստ կրելուց և ծառայելուց, ապա առողջական խնդիր ունենալով ինքնակամ չէր գնա զինկոմիսարիատ և խնդրեր, որ իրեն հաշվառեն ծառայության. «Վլեն կրծքավանդակի հետ կապված առողջական խնդիր ունի, բայց ինքը չի նայել դրան, գնացել է Աշտարակի զինկոմիսարիատ և խնդրել, որ իրեն տանեն ծառայության: Բացի սա, եթե ինքը չցանկանար ծառայել, ապա Ռուսաստանի Դաշնությունից չէր վերադառնա հայրենիք՝ ծառայելու նպատակով»,- նշել է զորամասը լքած զինծառայողի տատը:

Վերջինս իր համոզմունքը հայտնել է, որ այն զինվորին, որը հերքել է իր թոռան հետ կատարվածը, ստիպել են, որ զանգահարի և այլ պատմություն պատմի. «Պարզից էլ պարզ է, իրեն սովորեցրել են, որ նման բաներ ասի, իր ասածները իրականությանը չեն համապատասխանում»,- պատմել է Ռոզա Ֆերոյանը:

Հարցին, թե արդյոք գիտեն որտեղ է գտնվում այս պահին Վլեն, կապի դուրս եկե՞լ է նրանց հետ, զրուցակիցը պատասխանել է. «Այսօր նոր մեզ հետ կապի է դուրս եկել՝ 2 ժամ առաջ, ասաց, թե որտեղ է գտնվում և նշեց, որ շուտով կգա Երևան՝ հանձնվելու: Վլեն միայն մեկ բան ասաց, որ այդ զորամասում ոչ մի դեպքում զինծառայությունը չի շարունակի, յուրաքանչյուր զորամաս կգնա, բացի Կապանի զորամասից»,- ընդգծել է Ռոզա Ֆերոյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, այս դեպքին անդրադարձ էր կատարել նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ զորամասն ինքնակամ լքած զինվորի դեպքի մասով սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու:

(Visited 70 times, 1 visits today)