ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները ՃԵԿ խախտում անող վարորդներին պատժելու նոր մեխանիզմ են սահմանում, այսպես կոչված` բալային համակարգ։
Նոր իրավակարգավորումներով վարորդին վարորդական իրավունք ստանալու պահին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։
Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։
Ընդ որում` վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։
Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։
Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։
Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։
Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։
Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Ընդունված նոր օրենքների մի մասը գործելու է հունվարի 1-ից, մյուսները` սեպտեմբերի 1-ից։
Այսպես` տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ–ի հունվարի 1-ից, ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար` սեպտեմբերի 1-ից։