Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատրաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն․ հոգեբան

«Կարանտինային իրավիճակում, երբ որ փակված ենք տանը և բոլորիս գործողությունները սահմանափակված են, մենք խնդիր ունենք առերեսվելու այն իրականության հետ, որը ստեղծել ենք. խնդիր ունենք առերեսվելու ինքներս մեր կյանքի, մեր իրական բնույթի, մեր երեխաների, ընտանեկան հարաբերությունների հետ: Այս բոլոր հարցերը պետք է կարողանանք լուծել այս փակ պայմաններում՝ առանց այս իրականությունից փախչելու, ինչի հնարավորությունը մինչ այս շատ ենք ունեցել»:

Հետաքրքիր վիճակագրություն կա. երբ մարդիկ ինքնամեկուսանում են, պարզվում է, որ տունը բոլորի համար չէ, որ ապահով վայր է, օրինակ՝ Ֆրանսիայում ընտանեկան բռնությունների տոկոսն աճել է 32 տոկոսով: «Մեր երկրում էլ տունը, ընտանիքը բոլորի համար չէ, որ ամենաապահով վայրն է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Օրինակ՝ սոցիալական ցանցերում տեսնում ենք, որ բոլորը գանգատվում են այս իրավիճակից՝ թե՛ կատակով, թե՛ լուրջ նշում են, որ ստիպված են հանդուրժել միմյանց ներկայությունը: Իհարկե, ոմանք էլ ուրախ են և վայելում են միասին անցկացված ժամանակը: Ամեն դեպքում մարդկանց համար դժվար է անընդհատ մնալ նույն միջավայրում, նույն իրավիճակում: Նույնիսկ զույգերին խորհուրդ ենք տալիս անձնական տարածքի հնարավորություն տալ միմյանց, ժամանակ առ ժամանակ իրարից հեռու մնալ իրար կարոտելու համար: Եվ հիմա պարտադրված են ամբողջ օրը միասին անցկացնել:

Բայց նաև հակառակը կարող է լինել, այսպիսի իրավիճակներում երբեմն մեր ուժերը մոբիլիզացվում են, մենք սկսում ենք վերանայել մեր ապրած կյանքը, մեր արժեքային համակարգը: Ամեն դեպքում մենք սկսում ենք տեսնել մեր իրականության շատ կողմեր, որոնք մինչ այդ չէինք տեսնում»:

Կան մարդիկ, որոնք փակված մնալով տանը հասկացել են, որ սխալ են ապրել կամ իրենց ընտրությունը սխալ է: Չինաստանում կորոնավիրուսից հետո ամուսնալուծությունների թիվը կտուկ աճել է: «Այս դադարից հետո բոլորս վճարելու ենք ճշմարտությամբ, քանի որ մարդկության մեծ մասն ապրում է փախուստի մեջ»,- այսպիսի կարծիք ունի մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ՝ այս դադարը բոլորի կյանքի վրա անդառնալի հետք է թողնելու: «Շատերը տեսնում են այն, ինչը միշտ փորձում էին չտեսնել՝ խաբելով իրենք իրենց: Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն, քանի որ տեսնում է՝ ինչպես է նա տանջվում: Կամ ամուսինը տեսնում է, որ կինն այնքան էլ ուրախ չէ միասին երկար ժամանակ անցկացնելու համար, թեև մինչ այդ գանգատվում էր, որ քիչ են իրար տեսնում…»,-նշեց հոգեբանը՝ նաև ընդգծելով, որ իրականության աչքերին նայելը հեշտ չէ, բայց ստիպված ենք ճշմարտության միջով անցնել և վերարաժևորել մեր կյանքը

(Visited 75 times, 1 visits today)