Որ վարորդը խախտումներ չի անում, պետք է խրախուսվի. Սերգեյ Ղահրամանյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել է Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Իսկ կխրախուսվե՞ն արդյոք օրինապահ վարորդները:

Հայաստանում վարորդների խրախուսման հավանական տարբերակները պարզելու նպատակով AraratNews.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ:

Ղահրամանյանի խոսքերով, Հայաստանում որպես վարորդների խրախուսման միջոց հանդիսանում է ԱՊՊԱ-ի բոնուսային համակարգը. ԱՊՊԱ-ի արժեքը նվազում է, եթե վարորդը քիչ խախտումներ է ունենում, և ավելանում է, եթե դրանք շատ են լինում: ԱՄՆ-ում և Կանադայում ԱՊՊԱ-ի արժեքը կախված է խախտման տեսակից, խախտումների քանակից, իսկ Հայաստանում հաշվի են առնում` վարորդը վթար ունեցե՞լ է, թե ոչ:

Սերգեյ Ղահրամանյանը հիշեցրեց, որ վարորդներին խրախուսելու միջոցների առաջարկով հանդես է եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Մեզ մոտ երթևեկության վիճակն այնքան բարդ է, որ Ա-ից Բ կետն անվտանգ հասնելն արդեն իսկ համարվում է խրախուսման միջոց»,- կատակեց Ղահրամանյանը:
Քանի որ բալային համակարգը դեռ նոր է ընթացքի մեջ դրվել, ըստ բանախոսի` մեր երկրում վարորդներին խրախուսելու միջոցների մասին խոսելը դեռևս վաղ է, միեւնույն ժամանակ նա նշեց, որ ՃՈ-ում քննարկումների ժամանակ, որպես խրախուսում, դիտարկվել է նաեւ վարորդների` գույքահարկի վճարի նվազեցման տարբերակը։

«Այնուամենայնիվ, ով խախտումներ չի անում, նրան պետք է խրախուսել»,- եզրափակեց Սերգեյ Ղահրամանյանը:

Օլյա Շահինյան

(Visited 38 times, 1 visits today)