Որտե՞ղ էիք, երբ սպանվեց Պողոս Պողոսյանը. իսկ ռուսական բանտում մահացավ Լեւոն Հայրապետյանը

Երեկվանից սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի ազատության ստորագրահավաքին միացած Հայաստանի շոուբիզնեսի հայտնիների քայլը, իսկ մեծ մասը քննադատում նրանց: Հետաքրքիր է, որ ստորագրահավաքին միացել են նաև ծագումով հայ ռուսաստանաբնակ մտավորականներ:

Եթե  Հայաստանի քաղաքական ներկա եւ անցյալ իրողությունները հաշվի չառնենք, ապա շոուբիզնեսի հայտնիների արարքը գուցե այսքան չքննարկվեր: Ի վերջո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը այս կամ այն իրադարձության մասին:

Սակայն հասարակական-քաղաքական կյանքում կատարվող գործընթացները չեն կարող  ամբողջովին զերծ մնալ քաղաքականությունից, որքան էլ այդ մասին ասում են շոուբիզնեսի հայտնիներն իրենց հայտարարությունում:

Ստորագրահավաքի հրապարակումից եւ հանրության մեծ մասի քննադատության տարափից հետո դրան միացածներից մի քանիսը հետողորմյա արեց՝ անմիջապես հերքեց իր մասնակցությունը, մի մասն էլ համարձակորեն «տեր կանգնեց» իր ստորագրությանն ու անկեղծ արտահայտեց իր տեսակետը:

Առանձնակի ուշադրության է արժանի ստորագրահավաքի բովանդակությունը: Նախ՝ շոուբիզնեսի «աստղերը» ապահովագրում են իրենց և ասում՝ իրավական նրբությունների մեջ չեն մտնում, դատավարական կողմ չեն, իրենց գործն են անում, ապա շարադրում հետեւյալը. «Չարության, ատելության, թշնամանքի, հակամշակութային մթնոլորտ է Հայաստանում, չկա հիմնավորում, որ եթե ՀՀ նախկին նախագահն ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից, Ռ. Քոչարյանի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը, հետեւաբար՝ նրա խափանման միջոցը պետք է փոխվի»:

Հարց է ծագում՝ եթե հայ հայտնիները տեղյակ չեն իրավական նրբություններից, կարծես թե չեն էլ հետեւում Քոչարյանի գործով դատական պրոցեսին, տեղյակ չեն տուժող կողմի պնդումներին, ինչո՞ւ են վստահ, որ Քոչարյանը չի խուսափի արդարադատությունից: Վերջիվերջո, քանի դեռ դատական պրոցես կա՝ կա անմեղության կանխավարկած, ու դեռ հայտնի չէ՝ դատական ինչ վճիռ կլինի:

Բացի այդ՝  ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանն  «արտոնյալ» լինի, փոխվի նրա խափանման միջոցը, իսկ այլ ամբաստանյալներինը, որոնց մի մասը (կարևոր չէ՝ նրանք պաշտոնյա են թե ոչ) չի ընդունում իր մեղադրանքը, կալանավորված լինեն: Ի վերջո, օրենքի առաջ հավասար են բոլորը: Ավելին՝ որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի ֆինանսական մեծ ռեսուրս, ազդեցություն Հայաստանում եւ արտերկրում՝ հատկապես Ռուսաստանում, որի վկայությունը ռուսաստանաբնակ ծագումով հայերի միանալն է այս ստորագրահավաքին: 

Հայտնիների մյուս հակափաստարկը չարությունը, ատելությունն ու թշնամանքն են երկրում, սակայն ինչքանո՞վ է տրամաբանական այդ ամենի պատճառը համարել Քոչարյանի կալանավորված լինելն ու նրա հետ առնչվող դատական գործընթացը: Կամ արդյոք Քոչարյանը մեղավոր չէ այսպիսի վերաբերմունք ստանալու համար:  Իսկ եթե անգամ դա այդպես է, ապա այսպիսի մթնոլորտ ստեղծվել է նորանկախ Հայաստանի տարբեր ժամանակահատվածներում՝ օրինակ, Քոչարյան-Սարգսյան կառավարման անցման ժամանակահատվածում՝ 2008 թվականի Մարտի մեկից հետո, երբ խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ էր գործադրվել, զոհվել էր տասը մարդ, ոմանց խոշտանգել էին, ձերբակալել էին 100 մասնակցի, որը հաստատվել է նաև ՄԻԵԴ-ի վճիռներով, շարժման լիդերներին մեղադրել պետական հեղաշրջման համար: Ավելին՝ նրանցից մեկին՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Բայց արի ու տես, որ այսօրվա ստորագրահավաքին միացածներից ոչ ոք այն ժամանակ ձայն չէր հանել: Սա այն դեպքում, երբ այս իրադարձությունները բավական վատ անդրադարձան Հայաստանի հեղինակությանը, միջազգային կազմակերպությունները դատապարտեցին ՀՀ իշխանություններին խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ գործադրելը, էլ չենք խոսում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:

Ավելին՝ երգչուհի Նունե Եսայանը, որը եւս միացել է Քոչարյանի ստորագրահավաքին, ասել էր՝ թող չգնային Մարտի մեկի հանրահավաքին, չզոհվեին: Ուշագրավ է նաև, որ երգչուհին  նախորդ տարի ասուլիսում ասել էր. «Ես պասիվ քաղաքացի եմ, որևէ շարժման մեջ ինձ չենք էլ տեսնի, զզվում եմ քաղաքականությունից»: Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ եք միացել նախկին նախագահի՝ որպես քաղաքական առաջին դեմքի խափանման միջոցը փոխելու այս ստորագրահավաքին՝ մասնակից դառնալով քաղաքական այս պրոցեսին:

Իհարկե, Նունե Եսայանը միակը չէ, որ այսպիսի մտքեր է հայտնել, փորձել զերծ մնալ քաղաքականությունից: Այդ ցանկում գտնվողների մեծամասնությունն իներտ է եղել տարբեր պրոցեսներին եւ «արթնացել» միայն հիմա:

Այլ փաստագրական օրինակներ բերենք: 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնապահներն սպանեցին Պողոս Պողոսյանին՝ «բարև Ռոբ»  արտահայտության համար: «Կուկու» մականվամբ թիկնապահը պայմանական ազատազրկման էր դատապարտվել ու պատիժը դատապարտյալի նկատմամբ այդպես էլ ի կատար չածվեց: Ու դարձյալ ձայն բարբառո հանապատի «աստղերի» կողմից:

2017-ին Մոսկվայի բանտերից մեկում մահացավ հայ բարեգործ, Արցախին մեծ աջակցություն ցույց տված Լեւոն Հայրապետյանը, որը մահվանից երկու օր առաջ ասել էր՝ իրեն թունավորել են, մինչեւ առավոտ չի ապրի: Ու դարձյալ լռություն ոչ միայն հայ աստղերի, այլեւ ռուսաստանաբնակ այն հայերի կողմից, որոնք այսօր միացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Հետաքրքիր է՝ հայրենիքից հեռու ապրող, հայկական ծագումը «ձեռի» հետ հիշողները, եթե կարևորում են Արցախի եւ Հայաստանի կայացման գործում Քոչարյանի ներդրումը, ինչո՞ւ այս նույն մոտեցմամբ չէին պայքարում Լեւոն Հայրապետյանի ազատության համար:

Դե մարդու իրավունքի ոտնահարումները, անօրինականությունը, «բեսպրեդելը», որոնց զոհ են դարձել Հայաստանում հարյուրավոր քաղաքացիներ քոչարյանական նախագահության տարիներին՝ քննարկման առանձին թեմա է, որի մասին ձկան պես դարձյալ լռել են «աստղերը»:

Կարծում ենք՝ այս ստորագրահավաքին միանալն ունի մեկ այլ շերտ: Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո պետությունն «աստղերին» հիշեցրել է նրանց հարկային պարտավորությունը,  ստվերից դուրս բերելու համար քայլեր է ձեռնարկում: Ու, բնականաբար, իրենց «մշակութային գործիչ» հռչակած շոուբիզնեսի աստղերը չէին կարող այս ամենն անաղմուկ ընդունել:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո նվազել է նրանց մասնակցությունը պետության  կազմակերպած տարբեր համերգներին, երբ նախորդների ժամանակ գրեթե բոլոր միջոցառումներին «կարուսելի» էֆեկտով «աստղերին» հրամցնում էին հանրությանը:

Հ.Գ. Ստորագրահավաքի հրապարակումից հետո ոստիկանությունը հրապարակեց տեղեկություն, ըստ որի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Կարծում ենք՝  հայտնիները, որոնցից շատերն անձամբ են ճանաչում Քոչարյանին, արժե հետաքրքրվեն՝ որքանո՞վ է կաշառք առաջարկելն օրինական, ո՞ւմ ֆինանսական միջոցներով են Քոչարյանի աջակիցները կաշառք առաջարկում տուժածներին, և վերջապես՝ ինչու են առաջարկում, եթե մեղավոր չեն:

Սոնա Դավթյան

(Visited 174 times, 1 visits today)