Մեր օրը որ գալիս էր՝ մենք իջնում էինք, մաքրում էինք. Հայկ Մարության


Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց բակային աղբահանությունից: Նա ասաց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, չեն հասցնում սպասարկել, որովհետեւ սպասարկում են նաեւ Իսակովի պողոտան:
Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. «Մենք օրինակ ենք բերում զարգացած երկրները, բայց ոչ մի զարգացած երկրի քաղաքի բակային տարածքները քաղաքային իշխանությունը չի մաքրում: Բակային տարածքները մաքրում են շենքերի համատիրությունները: Դա շենքերի սոցիալական պատասխանատվության մեջ է մտնում: Աննորմալ բյուջեի մասին է խոսքը: Ինչքան աշխատող ունենք, այդքան էլ պետք է վերցնենք, որ բակային տարածքները նորմալ մաքրենք: Դա բյուջեի ահռելի ավելացում է: Եթե մենք պատրաստ ենք դրան, խնդիր չկա: Բայց մենք մեր առջեւ 5,2 մլրդ շեմ ենք դրել ու ուզում ենք պահել: Եթե ասենք՝ 8,3 ենք սարքում այդ 5,2-ը, մարդիկ կասեն՝ մենք այդքան փող չունենք, չէ՞, որ համատիրություններում գումար հավաքենք: Բայց երբ որ ես մի քանի ամիս կնոջս հետ Չեխիայի հանրապետությունում էի, մենք ապրում էինք մեր տանը, այդտեղ բավական մեծ շենք էր՝ մեծ բակով, որոշում էին կայացրել, որ իրենք փողը չեն հավաքում, բայց ամեն օր մի բնակարանի վրա է այդ բակի մաքրությունը: Մեր օրը որ գալիս էր՝ մենք իջնում էինք, մաքրում էինք:
Փող չունե՞ս, եղբա՛յր, դուրս արի, մաքրի: Ամեն օր մեկի վրա էր: Դա այն ժամանակ ինձ համար շատ զարմանալի էր, 15-16 տարվա բան եմ ասում, բայց ես հասկացա, որ ճիշտ է: Հիմա մեր բնակչության հետ պետք է…գիտեք, անծայրածիր չի այս քաղաքի բյուջեն, այնպես չի, որ գումարը թափվում է, մենք էլ չգիտենք ոնց անենք: Եթե դա անենք, ուրիշ բան չենք անելու: Այսօր մանկապարտեզներից էինք խոսում, մենք պետք է հասկանաք, որ նախ գումարն անվերջ չի, այդ գումարը պետք է ճիշտ ձեւով բաշխենք՝ ըստ կարեւորության: Մենք ասում ենք՝ երեխաների անվտանգությունը կարեւոր է, եկեք մանկապարտեզները վերանորոգենք, համաձայն եմ, իսկ վերելակը, որը ամեն օր այդ երեխան մտնում է կարեւո՞ր է, թե՞ կարեւոր չի, դա էլ է, չէ՞ անվտանգություն: Հիմա ո՞ր մեկն անենք՝ վերելա՞կը, թե՞ մանկապարտեզը, այդ բակի կանաչապատո՞ւմը, մաքրությո՞ւնը: Բոլորին գումար չկա:

(Visited 25 times, 1 visits today)