Մանվել Գրիգորյանը պետք է մահանա, կամ Նիկոլ Փաշինյանը կգնա բանտ


ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից (խմբ. պաշտոնական վարկած) հետո հասարակական-քաղաքական դաշտում քննարկումներ սկսվեցին մարտի 1-ի գործով առանցքային վկաների անվտանգության հարցը: Այս թեման հատկապես փորձում են շահարկել իշխանություններն ու իրենց սպասարկու լրատվամիջոցները: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքով կարող են վկաներ սպանվել:
Այս ֆոնին իշխանությունները մոռանում են մեկ այլ վկայի մասին, ում իրավապահ մարմինները մահվան դուռն են հասցնում: Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է: Նա ևս մասնակից է եղել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընթացող քաղաքական պրոցեսներին:
Մանվել Գրիգորյանը, իհարկե, հանրության որոշակի շերտի կողմից չընդունված կերպար է։ Նա իշխանության մաս կազմելու տարիներին հասցրել էր շատերին հոգնեցնել, ու բնական է, որ հիմա շատերին չի հետաքրքրում նրա ճակատագիրը։ Չնայած հանրության լայն շերտի անտարբերությանը՝ տարօրինակ է, թե ինչու՞ է դատարանը ամեն կերպ մերժում նրա կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչու՞ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։
Այն, որ դատարանները Հայաստանում անկախ չեն և կատարում են օրվա իշխանությունների պահանջը, կարծում ենք՝ ավելորդ է անգամ հիշեցնել։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։
Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու՞ են իշխանությունները վախենում թույլ տալ Մանվել Գրիգորյանին բուժվել։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը, պարզ չէ։ Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։ Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։ Ի վերջո, Գրիգորյանը լավ է տեղյակ այդ օրերի իրադարձություններից։ Նա ՊՆ գործող երկու գեներալներից մեկն էր, ում հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը
Լուրերի համաձայն՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կապը նրա հետ պահել է Ջհանգիրյանը, ով էլ փորձել է համոզել, որ բանակը մտնի քաղաքական պրոցեսների մեջ: Ասում են՝ Ջհանգիրյանի հետ եղել է մեկ այլ՝ շատ հայտնի մարդ, ում անունը չեն նշում: Եվ ահա, իշխանությունները վախենում են, որ Գրիգորյանը կխոսի ու ամեն ինչ կպատմի՝ դրանով իսկ «գոլորշիացնելով» «ջուր» գործը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանը կարող է խոսել նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանի թիմը նրան առաջարկել է հնարավորության դեպքում զինված սադրիչներ ուղարկել ոստիկանության դեմ։

Մանվել Գրիգորյանի վկայությունը կապացուցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը փորձ է արել քաղաքական գործընթացներում ներգրավել բանակը։ Մանվել Գրիգորյանի անկաշկանդ ցուցմունքը կարող է ստիպել իրավապահներին գործ հարուցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և իր դաշնակից Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հետաքրքիր է, որ մարտի 1-ի գործով անգամ ամենաանշան վկային հարցքաննող Հատուկ քնչական ծառայությունը չի փորձում լսել դեպքերի վերաբերյալ նաև Մանվել Գրիգորյանի վկայությունը: Գրիգորյանը մեկ անգամ է տարվել ՀՔԾ, այսպես ասած ճանաչողական այցով, իսկ հետագայում մոռացել են նրա մասին: ՀՔԾ մամուլի բաժնից հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել, թե Մանվել Գրիգորյանը քանի անգամ է կանչվել հարցաքննության: Ըստ էության, իշխանությունները հնարավորինս աշխատում են չլսել Մանվել Գրիգորյանի վկայությունները, որոնք կարող են էականորեն փոխել գործի ընթացքը:

(Visited 379 times, 2 visits today)