ՀՐԱՏԱՊ.ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող է գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

 

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:

Մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասպանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել»։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ․ «ՀԱՊԿ երկրները, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի։ Աշխատանքյաին մակարդակում էդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Ես ուզում եմ, որ այս հարցերում հստակցություն մտցվի»։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին,եթե ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները չբավարարեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։

(Visited 71 times, 1 visits today)