Հրատապ․ ՔՊ-ն հայտնել է ՀՀ նախագահի թեկնածուի անունը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավատարիմ մնալով օրենքի պահանջին, որոշել է նախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու առաջադրել, որը միաժամանակ կհանդիսանա թիմի անդամ և կունենա գաղափարական ընդհանրություն հեղափոխական իշխանության հետ:

Թեև նախագահի պաշտոնի համար բազմաթիվ այլ անուններ էին շրջանառվում, սակայն իշխանությունների ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա:

1992-1996 թվականներին Վահան Խաչատրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:

Վահագն Խաչատրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:

1996-1998 թթ. Վահագն Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:

2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:

2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը` հայտարարության տեքստում նշելով, որ առկա Սահմանադրությամբ չի կարողանում ներքին ու արտաքին ոլորտներում որոշումների վրա ազդեցություն ունենալ:

Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

(Visited 129 times, 1 visits today)