Հшնգուցյшլ նորшծնի թթվшծնшյին ակվարիումը հшմբnւրելու հшմար մտել է ծննդшտnւն և բենզինnվ шյրել նшխասրահը

Արմեն. Մ.-ն ալկոհոլի ազդեցության տակ, 2021 թվականի մարտի 6-ին, գիշերը ժամը 01:00-ին, գնացել է ծննդատուն և իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակով ներս է մտել, անհասցե և իր դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։

Նա նաև սպառնացել է նռնակով ու բենզինով այրել ծննդատունը և այնտեղից հեռացել է միայն բուժաշխատողների միջամտության արդյունքում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 4-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին:

Արմեն Մ.-ն դեպքից մոտ մեկ ժամ հետո վերադարձել է ծննդատուն, կրկին իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակն օգտագործելով ներս է մտել ընդունարան և կրկին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Որից հետո իր մոտ եղած պլաստմասե տարայով բենզինը լցրել է ծննդատան նախասրահին հարող միջանցքի հատակին և լուցկիով այրել, ինչի արդյունքում առաջացած հրդեհից և ծխից ծննդատանը պատճառվել է 221.100 դրամի վնաս: Արմեն Մ.-ն՝ շարունակելով իր գործողությունները, ոտքով հարվածել է ընդունարանում դրված գրասեղանին և վնասել այն:

Արմեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 78 times, 1 visits today)