Արդյոք՞ Հայկ Մարությանը գովազդային հոլովակներում նկարահանվել է քաղաքապետ դառնալուց հետո

Հայկ Մարությանը գովազդային հոլովակներում նկարահանվել է մինչ քաղաքապետ դառնալը:

Վերջին օրերին հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տարածվեցին Վիվասել ՄՏՍ-ի սակագնային նոր պլանների գովազդները՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ։ Հանրության շրջանում, ըստ այդմ, հարցեր առաջացան, թե ինչու է քաղաքապետը նկարահանվում գովազդներում։

Քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանը հայտարարել էր, որ դադարեցնելու է մասնագիտական գործունեությունը, չնայած՝ օրենքը, չի արգելում զբաղվել ստեղծագործական աշխատանքով՝ դերասանությամբ կամ գովազդներում նկարահանվելով։

Գովազդների տարածումից հետո քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դրանք նոր չեն նկարահանվել․ «Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետը որևէ այլ գործունեությամբ չի զբաղվում, քան քաղաքապետ լինելն է: Եթե կան ինչ-որ պրոդուկտներ, գովազդներ, դրանք բոլորը վերաբերում են մինչև քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանի գործունեությանը»,- Gala tv ին հայտնել էր Կարապետյանը: Ինքը՝ Մարությանը, ևս հերքել էր որ նկարահանվում է նոր գովազդային հոլովակներում։

Fip.am-ը հարցում ուղարկեց Վիվասել ՄՏՍ՝ պարզելու, թե ե՞րբ են նկարահանվել Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդային հոլովակները։

Վիվասել ՄՏՍ-ից հայտնեցին, որ «X», «Y» ու «Z» սակագնային պլանների վերաբերյալ գովազդային հոլովակները մշակվել ու նկարահանվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ և գովազդային երկու ընկերությունների միջև, համապատասխանաբար, 2018 թ. մարտի 13-ին ու ապրիլի 1-ին կնքված գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակում, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Մարությանը դեռևս քաղաքապետ չէր։ (Մարությանը այդ պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 13-ին՝ երդմնակալությունից հետո)։ 

(Visited 33 times, 1 visits today)